ՀՀ կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի պահանջները
19 Հոկտեմբերի 2026, 19:00
2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում։
Գործադիր մարմնի այս որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած արտակարգ արբիտրի կայացրած որոշման հերթական խախտումն է։ Այդ ակտով արտակարգ արբիտրը պարտավորեցրել էր ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած գործողությունից։ Նշված որոշման պահպանման՝ ՀՀ կառավարության պարտավորությունը 2025 թվականի դեկտեմբերին ուղղակիորեն հաստատվել է նաև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմի կողմից։
Ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և պետական մարմինները բազմիցս խախտել են արբիտրաժային որոշմամբ սահմանված հայցի ապահովման միջոցները, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան չեղարկելու միջոցով։ Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։ Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են օտարերկրյա ներդրումների պաշտպանությունն ապահովող կարգավորումներից:
Նման անօրինական գործողություններն անկասկած ստանալու են համապատասխան միջազգային-իրավական գնահատական, և ՀՀ կառավարությունը պարտավոր է լինելու փոխհատուցել ներդրողներին պատճառված բոլոր վնասները, որոնք հետևանք են պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման։