Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը՝ RAF Wrestling-ի վարկանիշային աղյուսակների լավագույն հնգյակում
20 Հոկտեմբերի 2026, 13:45
Ազատ ոճի ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգան՝ «Real American Freestyle»-ը (RAF Wrestling), հրապարակել է մարզիկների առաջին վարկանիշային աղյուսակները՝ անկախ քաշային կարգից (pound-for-pound)։ Երկու վարկանիշային աղյուսակներում էլ լավագույն հնգյակում ընդգրկվել են Հայաստանի ներկայացուցիչներ Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը, հայտնում է Sportaran.com-ը։
2026 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ հրապարակված վարկանիշային աղյուսակները բաժանված են երկու կատեգորիայի՝ պրոֆեսիոնալ ազատ ոճի ըմբիշներ և մարտարվեստի այլ տեսակներ ներկայացնող մարզիկներ (crossover)։
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը տղամարդկանց crossover pound-for-pound վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երրորդ տեղը։ Այդ ցանկում ընդգրկված են հայտնի մարզիկներ, որոնք հանդես են գալիս նաև խառը մենամարտերում։ Առաջին տեղում UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգթոնն է, իսկ երկրորդ տեղում՝ UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն և ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Հենրի Սեհուդոն։
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը տղամարդկանց հիմնական pound-for-pound վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Այս ցանկում ընդգրկված են պրոֆեսիոնալ ըմբիշներ՝ անկախ քաշային կարգից։ Վարկանիշային աղյուսակը գլխավորում է օլիմպիական չեմպիոն և աշխարհի բազմակի չեմպիոն ամերիկացի Կայլ Սնայդերը։