Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ. Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է ընդդիմադիր թեկնածուի ձերբակալությանը

21 Հոկտեմբերի 2026, 20:53

Քաղաքականություն

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է Հայաստանում ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական իրավիճակին և ընդդիմադիր թեկնածուի ձերբակալությանը՝ դա անվանելով ժողովրդավարական սկզբունքների հետ հակասող քայլ։

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին․ ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- նշել է Ամստերդամը։

Իրավապաշտպանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է մտել ընտրական պայքարի մեջ, ինչից հետո իրավապահ համակարգը գործողություններ է սկսել ընդդիմադիր ուժի դեմ։

«Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Ընդհակառակը՝ երբ գործադիր իշխանության ղեկավարը քաղաքական ազդակներ է տալիս, իսկ դրանց հետևում են իրավապահ գործողություններ, վտանգվում է հենց այն սահմանը, որը ժողովրդավարական պետությունում պետք է բաժանի քաղաքական իշխանությունն ու իրավապահ համակարգը»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով ընտրակաշառքի հնարավոր դեպքի վերաբերյալ քննությանը՝ Ամստերդամը հարցադրում է բարձրացրել, թե ինչու էր անհրաժեշտ ընդդիմադիր թեկնածուին ազատությունից զրկել հենց ընտրություններից օրեր առաջ․

«Մեղադրանքը մեղավորություն չէ։ Որտե՞ղ է անմեղության կանխավարկածը։ Որտե՞ղ է անձնական ազատության իրավունքը։ Ի՞նչն էր խանգարում քննությունն իրականացնել այնպիսի միջոցներով, որոնք թեկնածուին փաստացի չէին հեռացնի ընտրական պայքարից»։

Եզրափակելով խոսքը՝ միջազգային իրավապաշտպանը շեշտել է, որ ժողովրդավարությունը իշխանության սահմանափակումն է օրենքով և քաղաքական հակառակորդի՝ ազատորեն մրցելու իրավունքը. «Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ»։