Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ իշխանության կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության հետեւանքն է. Զախարովա

30 Օգոստոսի 2023, 16:19

Քաղաքականություն

Մոսկվան աննպատակահարմար, սխալ եւ անհիմն է համարում ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առեւանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա դնելը, քանի որ Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հերթական անգամ շեշտել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի իշխանության կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության հետեւանքն է:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարության տեսակետը կտրուկ՝ 180 աստիճանով, փոփոխվել է Երեւանի համար առանցքային այդ հարցի շուրջ:

Դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ ռուսական կողմը արցախյան ու ադրբեջանական կողմերին առաջարկում է հանդիպել Ադրբեջանում եւ հարցին, թե արցախցի երեք երիտասարդների առեւանգումից հետո ի՞նչ երաշխիք կա, որ պաշտոնական դեմքերին եւս ադրբեջանական կողմը չի ձերբակալի, Մարիա Զախարովան արձագանքել է.

«Ուղղակի, պետք է պայմանավորվածություններին հետեւել, հենց դա է երաշխիքը: Պատասխանը շատ պարզ է, եթե ինչ-որ բան եք պայմանավորվել, ավելին՝ բարձր մակարդակով փոխանակվել եք ստորագրություններով, ապա պետք է իրականացնել դրանք եւ չզբաղվել տարբեր մեկնաբանություններով, 3-րդ, 5-րդ կամ էլ 10-րդ կողմեր ներգրավելով»:

Հիշեցնենք՝ ադրբեջանցիները օգոստոսի 28-ին առեւանգել են Հակարիի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցի երեք երիտասարդի՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին եւ Լեւոն Գրիգորյանին: