ԵԱՏՄ-ից դուրս գալը կործանարար կլինի Հայաստանի տնտեսության համար․ Անդրեյ Պերլա
22 Հոկտեմբերի 2026, 15:30
Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցին՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Փորձագետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել Ռուսաստանից դրամական փոխանցումների էական կրճատման, ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորման հնարավորությունների սահմանափակման և ռուսական գազի գնի կտրուկ բարձրացման։
«Իմ կարծիքով՝ քննարկվող համատեղ զեկույցի ամենախոսուն հատվածը ոչ թե մաքսային կանոններին է վերաբերում, այլ, առաջին հերթին, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներին, երկրորդ՝ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորման հնարավորություններին։
Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվի՝ դառնալով ոչ թե թշնամական, ամենևին, այլ չեզոք՝ ինչպես ԵԱՏՄ-ին չանդամակցող երրորդ երկրի նկատմամբ, ապա Ռուսաստանից Հայաստան դրամական միջոցների հոսքը կնվազի առնվազն երկու անգամ։ Այդ մասին նշվում է զեկույցում։
Երկրորդ՝ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորումն իրականացվելու է նույն կանոններով, որոնք գործում են երրորդ երկրների քաղաքացիների, օրինակ՝ ներկայիս իրավիճակում Ուզբեկստանի քաղաքացիների համար, այլ ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրների համար սահմանված կանոններով։
Հայաստանի հնարավոր ընդհանուր կորուստների ծավալն այս պահին բավական դժվար է պատկերացնել, սակայն ակնհայտ է, որ միայն ուղղակի դրամական փոխանցումները կնվազեն մոտ 1,5-2 միլիարդ դոլարով։ Դա Հայաստանի ՀՆԱ-ի բավական զգալի մասն է։ Ակնհայտ է նաև, որ հայերի համար Ռուսաստանում աշխատատեղերը գործնականում անհասանելի կդառնան, եթե նրանք Ռուսաստանի քաղաքացիներ չեն»,- ասել է նա։
Փորձագետի խոսքով՝ ռուսական գազի գնի առնվազն 69 տոկոսով բարձրացումը կարող է Հայաստանում դրա արդյունաբերական օգտագործումը դարձնել տնտեսապես ոչ շահավետ։ Պերլայի կարծիքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը կործանարար կլինի Հայաստանի տնտեսության համար, սակայն նա կասկածում է, որ իշխանություններին կհաջողվի փոխել եվրաինտեգրման ուղղությամբ որդեգրած քաղաքականությունը։
«Միևնույն ժամանակ, Հայաստանի համար ծայրահեղ ծանր իրավիճակ կստեղծվի ռուսական գազի գնի բարձրացման հետևանքով։ Ըստ զեկույցի՝ այդ աճը կկազմի առնվազն 69 տոկոս։ Այսինքն՝ գինը Հայաստանի տնտեսության համար դառնալու է անհաղթահարելի բեռ։
Փաստացի խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանում գազի արդյունաբերական օգտագործումը, ինչպես դա տեղի ունեցավ Գերմանիայում, առնվազն տնտեսապես ոչ շահավետ կդառնա։
Ելնելով այս ամենից՝ կարելի է միանշանակ եզրակացնել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կործանարար է Հայաստանի համար։ Դա հաստատվում է թվերով, ընդ որում՝ հենց ԵԱՏՄ-ի պաշտոնական տվյալներով։
Առայժմ, իհարկե, չենք կարող կանխատեսել, թե ինչպես կարձագանքի այդ հաղորդագրությանը Հայաստանի կառավարությունը։ Սակայն կարծում եմ, որ, ցավոք, Փաշինյանին համոզել չի հաջողվի, քանի որ նա որդեգրել է Եվրամիությանն անդամակցելու միանգամայն անհավանական գաղափարի իրականացման ուղղությամբ ծայրահեղ մոլեռանդ քաղաքականություն»,- եզրափակել է Պերլան։