Իշխանությունները չեն ցանկանում զարգացնել Տիգրանաշենը, որպեսզի այն զիջեն Ադրբեջանին. Աշոտ Մարկոսյան
26 Հոկտեմբերի 2026, 19:50
Այսօր գործընկերս՝ Անուշ Վարդանյանը, կառուցողական լուծում գտնելու նպատակով այցելել է Արարատի համայնքապետարան՝ համայնքապետ Ասլան Ավետիսյանի հետ հանդիպման։ Վերջինս նրան շատ կոպիտ է դիմավորել, պահանջել անհապաղ քանդել խաղահրապարակը և սպառնացել դատի տալ։ Այս մասին Տիգրանաշենում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանն՝ անդրադառնալով համայնքի մանկական խաղահրապարակի վերանորոգման շուրջ ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ խաղահրապարակի վերակառուցումն իրականացվում է պատգամավորների պարգևավճարային ֆոնդից և Տիգրանաշենի զարգացմանն ուղղված ծրագրերից միայն մեկն է։
Մարկոսյանը նշել է, որ Արարատ խոշորացված համայնքի համայնքապետը երբեք չի այցելել Տիգրանաշեն և գյուղացիները նրան չեն ճանաչում։
«Խորհուրդ կտամ համայնքապետին գալ գյուղ, տեսնել ճանապարհների անմխիթար վիճակն ու լուծել այդ խնդիրները, այլ ոչ թե սպառնալ բարեգործություն անողներին։ Իշխանությունները պարզապես չեն ցանկանում զարգացնել այս բնակավայրը, որպեսզի այն ևս զիջեն Ադրբեջանին։ Մենք դեմ ենք զիջումներին և շարունակելու ենք զարգացնել գյուղը»,- հայտարարել է Աշոտ Մարկոսյանը։