Քննարկվել են ՀՀ–ԵՄ համագործակցության զարգացման և տնտեսական դիմակայունության ամրապնդման հեռանկարները
26 Հոկտեմբերի 2026, 20:40
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կենսագործմանն ուղղված ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության հետագա խորացման հեռանկարները։
Երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, այդ թվում՝ առևտրային կապերի դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նախարար Միրզոյանն իր խոսքում հատկապես կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցառումների վերաբերյալ կարգավորման ընդունմամբ հայկական ապրանքների համար ընձեռնված հնարավորությունների լիարժեք իրացումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և դրա հետևողական ինստիտուցիոնալացման հնարավոր ուղիների շուրջ։ Քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստանի ներգրավվածությամբ և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերը։
Հանդիպման ավարտին կողմերը նաև նախանշել են առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան շփումների օրակարգային հարցերը։