Հոկտեմբերի 25-ի ընտրությունների պատկերը ուրախանալու առիթ չպետք է տա․Ռոբերտ Ամստերդամ

26 Հոկտեմբերի 2026, 20:50

Քաղաքականություն

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է հոկտեմբերի 25-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին՝ քննադատելով դրանց անցկացման պայմաններն ու արձանագրված արդյունքները։ Իրավապաշտպանը հայտարարել է, որ ստեղծված պատկերը ժողովրդավարության ապագայով մտահոգ որևէ մեկին ուրախանալու առիթ չպետք է տա, քանի որ շատ համայնքներում ընտրողների նույնիսկ կեսը չի մասնակցել քվեարկությանը։ Ըստ նրա՝ իշխանությունը պետք է իրեն հարց տա, թե ինչու են այդքան քաղաքացիներ հրաժարվում ընտրելուց, իսկ այդ փաստն անտեսելն ու արդյունքները որպես համընդհանուր վստահության քվե ներկայացնելը նշանակում է չցանկանալ տեսնել սեփական քաղաքացիներին։

Անդրադառնալով ընտրական խախտումներին՝ Ամստերդամը նշել է, որ ընտրողներին ուղղորդելու, նրանց վրա ճնշում գործադրելու և պետական միջոցները իշխող կուսակցության շահերին ծառայեցնելու վերաբերյալ հաղորդումները պահանջում են անկախ քննություն։ Նման գործողությունները, իրավապաշտպանի համոզմամբ, խախտում են ազատ ընտրության և հավասար մրցակցության հիմքերը, քանի որ քաղաքացին պետք է կարողանա ընտրել առանց վախի, իսկ ընդդիմությունը՝ մրցել առանց իր դեմ գործադրվող պետական ապարատի։

Հատուկ շեշտադրում է կատարվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի կալանավորման վրա։ Ռոբերտ Ամստերդամի խոսքով՝ այդ քայլն ի սկզբանե պահանջում էր համոզիչ իրավական հիմնավորում, և իշխանությունները պարտավոր էին ապացուցել թե՛ կալանքի անհրաժեշտությունը, թե՛ ավելի մեղմ խափանման միջոց կիրառելու անհնարինությունը։ Նա հիշեցրել է, որ քրեական մեղադրանքը դեռևս մեղավորության ապացույց չէ և չէր կարող արդարացնել թեկնածուին ընտրապայքարից փաստացի հեռացնելը։

Եզրափակելով հայտարարությունը՝ իրավապաշտպանն ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մի ձեռքով սահմանափակել քաղաքական մրցակցությունը, մյուսով՝ այդ սահմանափակման հետևանքով ստացված արդյունքները ներկայացնել որպես ժողովրդավարական հաջողություն։ Ամստերդամի գնահատմամբ՝ սա հաղթանակի պատմություն չէ, այլ Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական ու ընտրական պայմանների հետևանքն է, որի համար պատասխանատու է հենց ինքը։

Հիմա եթերում