Ոստիկանները Տիգրանաշենում խոչընդոտել են խաղահրապարակի վերանորոգմանը․ Անուշ Վարդանյան

26 Հոկտեմբերի 2026, 20:20

Քաղաքականություն

Երեկ, երբ Տիգրանաշենում վերանորոգման աշխատանքներ էինք իրականացնում, ոստիկանները խոչընդոտեցին մեր գործունեությունը՝ պատճառաբանելով, թե պետք է սպասենք համայնքապետարանի ներկայացուցիչներին։ Տիգրանաշենում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ խաղահրապարակի վերանորոգումը կուսակցության բարեգործական ծրագիրն է, որն իրականացվում է նաև պատգամավորների պարգևավճարներից փոխանցված միջոցներով։ Թեև դեռ մեկ ամիս առաջ դիմել էին թույլտվության համար, համայնքապետարանից հստակ պատասխան չէին ստացել։

Վարդանյանը նշել է, որ տեղում համայնքապետարանի աշխատակիցները պահանջել են հեռացնել նոր խաղերը, իսկ հաջորդ օրը համայնքապետ Ասլան Ավետիսյանը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել։

«Համայնքապետն ինձ անվանեց Զարուհի Փոստանջյան և կտրուկ պահանջեց նախ ապամոնտաժել նոր խաղերն ու տեղադրել հները, հետո միայն գալ իր մոտ՝ պատճառաբանելով, թե սկզբում պետք է իրեն տեսնեինք։ Իսկ հանդիպման ավարտին նա հայտարարեց, որ ինձ դատի է տալիս»,- հավելել է Անուշ Վարդանյանը։