Դուք, երևի թե, վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ․ Վարդևանյանը՝ ՔՊ-ականին

28 Հոկտեմբերի 2026, 15:15

Քաղաքականություն

ԵԽԽՎ-ի զեկույցում արդեն խոսվում է Հայաստանի Հանրապետությունում սելեկտիվ հետապնդումների մասին։ Եկեք՝ նախ քաղաքական հետապնդումները դադարեցվեն, և դրանից հետո ասեք, թե ինչ գործողություններ է Հայաստանում հնարավոր իրականացնել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ դիմելով ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին։

Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանի անկուսակցական լինելու հանգամանքին՝ Վարդևանյանը հարցրել է, թե արդյոք նա մասնակցել է ՔՊ ամփոփիչ հանրահավաքին։

Ի պատասխան՝ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ չի կարող ասել՝ Կարեն Առուստամյանը ներկա է եղել հանրահավաքին, թե ոչ՝ առաջարկելով այդ մասին հարցնել հենց թեկնածուին։ Նա նաև նշել է, որ ՔՊ-ից որևէ մեկը Առուստամյանին հանրահավաքի չի հրավիրել։

Արամ Վարդևանյանն իր հերթին կասկածի տակ է դրել հանրահավաքի մարդաշատ լինելու հանգամանքը՝ նշելով, որ ԵԽԽՎ զեկույցում խոսվում է նաև վարչական ռեսուրսի չարաշահման, մարդկանց խմբային և անհատական միջամտությունների մասին։

«Դուք, երևի թե, վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ, ինչը հետաքրքիր նոր մշակույթ է»,- ասել է պատգամավորը՝ հակադարձելով Գաբրիելյանի դիտարկմանը։