Բաքվից երրորդ երկրներին հասկացրել են, որ չմիջամտեն հայ գերիների հարցին․ Միրզոյան

28 Հոկտեմբերի 2026, 17:14

Քաղաքականություն

Գերիների վերադարձի հարցը մեր մշտական օրակարգի մասն է, բայց ո՞ւմ են պետք քո ջանքերը, եթե արդյունքը չի ստացվում։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե կոնկրետ ի՞նչ մեխանիզմներ են կիրառում հայ ռազմագերների վերադարձի համար։

Անդրադառնալով երրորդ երկրների միջնորդությամբ հյուպատոսական կամ հումանիտար աջակցություն ցուցաբերելու մեխանիզմներին՝ Միրզոյանը պարզաբանել է, որ միջազգային պրակտիկայում գործող այդ գործիքակազմը տվյալ պարագայում բախվել է խոչընդոտների։

«Եթե ձեզ թվում է, թե ես Ժնևի կոնվենցիայի տեղը չգիտեի, իսկ դուք գիտեք, ապա ձեր պատկերացումները մեր պետության կամ իմ աշխատանքի մասին շատ հեռու են իրականությունից։ Ինչ վերաբերում է իմ խոսքին՝ դուք սխալ եք ընկալել․ ոչ թե մեզ են ասել «հեռու խաղացեք», այլ երրորդ երկրներին են ասել, որ գործ չունեն այդ հարցի հետ։ Այո՛, կան հյուպատոսական ծառայությունների մեխանիզմներ, երբ դիմում ես գործընկեր երկրին, որպեսզի նա այցելի քո քաղաքացուն։ Մենք դիմել ենք մեր գործընկերներին, սակայն Բաքվից նրանց հասկացրել են, որ չմիջամտեն։ Դառն իրականությունը սա է»,- նշել է արտգործնախարարը։