ԱՄՆ-ում նոյեմբերյան ընտրություններից հետո կարող է Իրանի դեմ էսկալացիայի նոր ալիք սկսվել․ Եվգենի Սեմիբրատով

30 Հոկտեմբերի 2026, 20:45

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտ փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը Alpha News-ին տված մեկնաբանության ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հետագա զարգացման հնարավոր սցենարներին, լայնածավալ ռազմական գործողության հավանականությանը և ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ Վաշինգտոնի հեռանկարներին։

«Ամերիկացիները, որպես կանոն, բավականին ուժեղ են ռազմավարական պլանավորման հարցում և միշտ միաժամանակ մշակում են գործողությունների մի քանի սցենար։ Եթե դիտարկենք իրավիճակի ծայրահեղ զարգացումների հնարավորությունը, ապա, ըստ լրատվամիջոցների հաղորդումների, ներկայումս Միացյալ Նահանգներում անցկացվում են ժամանակավոր զանգվածային հուղարկավորությունների նախապատրաստման վարժանքներ:

Սա կարող է անուղղակի վկայություն լինել այն բանի, որ Թրամփի վարչակազմում, որպես ծայրահեղ սցենար, այնուամենայնիվ դիտարկում են Իրանի լայնածավալ ներխուժման հետ կապված ռազմական գործողության տարբերակը։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նման մասշտաբի գործողություններ իրականացնելու ԱՄՆ զինված ուժերի հնարավորությունները՝ պետք է ընդունել, որ ներկայումս նրանք ի վիճակի չեն Պարսից ծոցի տարածաշրջանում հարյուր հազարավոր զինծառայողներից բաղկացած զորախումբ կենտրոնացնել։ Հետևաբար, նման զորավարժությունները, որոնք իրենց բնույթով բավականին քիչ ծախսատար են, կարող են նաև տեղեկատվական աղմուկ ստեղծելու միջոց լինել՝ ուղղված խաղադրույքների բարձրացմանը, իրավիճակի սրմանը և ցուցադրելու, որ ամերիկյան ղեկավարությունը մտադիր է գնալ մինչև վերջ»,- ասել է Սեմիբրատովը։

Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ում նոյեմբերյան ընտրություններից հետո Իրանի հետ հակամարտության նոր սրման հավանականությունը բավականին մեծ է։

«Իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին մոտենալով՝ Թրամփը միանգամայն հնարավոր է, որ ավելի ակտիվ գործողությունների դիմի։ Ուստի ես չէի բացառի նոյեմբերյան ընտրություններից հետո նոր էսկալացիայի հավանականությունը։

Ամերիկացիներն, այնուամենայնիվ, կփորձեն գործել այսպես կոչված՝ ոչ կոնտակտային պատերազմի շրջանակում։ Եվ այս իրավիճակը՝ պատերազմի այդ տարօրինակ, ոչ կոնտակտային ձևաչափը, կպահպանվի առնվազն մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։

Իսկ դրանից հետո արդեն նրա իրավահաջորդները կամ դեմոկրատները, եթե վերադառնան Սպիտակ տուն, կփորձեն գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբեր ուղիներ՝ միաժամանակ պահպանելով իրենց հեղինակությունն ու դեմքը։ Որովհետև Իրանը թույլ չի տա, որ Թրամփն այս պատմությունից պարզապես դուրս գա։

Միակ երկիրը, որը կարող է նրան օգնել ստեղծված իրավիճակից դուրս գալ՝ առանց հեղինակության կորստի, Ռուսաստանն է։ Սակայն Ռուսաստանը, կրկին, կարող է միայն փոխզիջումային լուծում առաջարկել, որի պայմաններում Իրանը նույնպես իրեն պարտված կողմ չի զգա։

Իմ կարծիքով՝ Թրամփի համար այս իրավիճակից դուրս գալու այլ սցենար գոյություն չունի»,- եզրափակել է Սեմիբրատովը։

Հիմա եթերում