Բուլղարիայում կբացվի զորավար Անդրանիկին նվիրված տուն-թանգարանը
01 Նոյեմբերի 2026, 23:30
Բուլղարիայի Վառնա քաղաքի Գալաթա թաղամասում ավարտին են մոտենում հայազգի նշանավոր զորահրամանատար և ազգային հերոս Անդրանիկ Օզանյանին նվիրված տուն-թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքները։ Թանգարանում արդեն իրականացվում են հարդարման վերջին աշխատանքները, ինչի մասին տեղեկացվում է դրա պաշտոնական էջում։
Հիշատակի այս կենտրոնի ստեղծումը խորհրդանշականորեն կապված է 1912–1913 թվականների Առաջին Բալկանյան պատերազմի պատմության հետ։ Այդ պատերազմին Անդրանիկ Օզանյանն ու Գարեգին Նժդեհը գործուն մասնակցություն են ունեցել՝ բուլղարական բանակի կազմում մարտնչելով Օսմանյան կայսրության դեմ։
Ցուցաբերած խիզախության համար Անդրանիկ Օզանյանին շնորհվել է սպայական կոչում, նա ստացել է Բուլղարիայի քաղաքացիություն և ցմահ կենսաթոշակ։ Բացի այդ՝ զորավարը պարգևատրվել է Բուլղարիայի բարձրագույն պետական պարգևով՝ «Արիության ոսկե խաչով», ինչպես նաև 3-րդ և 4-րդ աստիճանի արծաթե խաչերով։