Երկու մշակույթների խաչմերուկում․ «Los Angeles Times»-ը գնահատել է Ջեք Ասադուրյանի՝ մեքսիկա-հայկական արմատներին նվիրված ստենդափը

01 Նոյեմբերի 2026, 21:30

Մշակույթ

Ամերիկյան հեղինակավոր «Los Angeles Times» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել կատակերգու Ջեք Ասադուրյան կրտսերի (Jack Jr.) դեբյուտային ստենդափ-հատուկ թողարկման՝ «Mexican Armenian»-ի մասին:

Նախագիծը, որի պրեմիերան կայացել է հոկտեմբերին առցանց հարթակներում, յուրօրինակ հումորով ներկայացնում է արտիստի ինքնությունը, ընտանեկան ավանդույթներն ու մշակութային երկվությունը:

Կատակերգուի լիամետրաժ անհատական ելույթը ձայնագրվել է Գլենդելի հանրահայտ «The Alex Theater» թատրոնում։ Հատկանշական է, որ Գլենդելը հենց Ասադուրյանի հայրենի քաղաքն է։ Նախագծի ռեժիսորն է ամերիկյան կատակերգական ասպարեզի հայտնի ներկայացուցիչ Ջերեմի Ուոթքինսը։

«Los Angeles Times»-ն իր հրապարակման մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել արտիստի վարպետությանը՝ երկակի ինքնության թեման բացահայտելու հարցում։ Ասադուրյանը անսպասելի մշակութային զուգահեռներ է անցկացնում մեքսիկական և հայկական ժառանգությունների միջև՝ անկեղծ հումորը համադրելով երկու ընտանիքների արմատների հանդեպ խոր հարգանքի հետ։