Կոնսենսուս կա՝ բոլորս պայքարելու ենք «Ալիևյան սահմանադրության» դեմ․ Նարեկ Կարապետյան
07 Նոյեմբերի 2026, 21:01
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի համախմբման կոչին արձագանքած քաղաքական ուժերի և հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ այսօր հանդիպում է տեղի ունեցել։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ մասնակիցների միջև կոնսենսուս է ձևավորվել․ նրանք համատեղ պայքար են մղելու, այսպես կոչված, «Ալիևյան սահմանադրության» դեմ։ Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է հանդիպումների և հավաքների շարք՝ տարբեր ոլորտների ակտիվ հանրային գործիչների մասնակցությամբ։
Կարապետյանի խոսքով՝ հանդիպմանը ներկա են եղել նաև այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք արդեն միացել են նախաձեռնությանը։
«Ներկայացնում ենք մեր քայլերի հաջորդականությունը, ծրագրերը և առաջիկայում իրականացվելիք գործողությունները։ Այսօր նաև որոշում ենք ներկայացրել, որ վաղվանից համաձայնագիրը ստորագրած կուսակցությունների ղեկավարներն ու ակտիվ անդամները կսկսեն իրազեկման ակցիաներ իրականացնել Երևանում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ակցիաների նպատակն է հանրությանը ներկայացնել «Ալիևյան սահմանադրության» վտանգները, քաղաքացիների հետ քննարկել առկա խնդիրները և բարձրաձայնել անկախության վերահաստատման գաղափարը։