Ալեն Սիմոնյանի հայտարարությունը խեղաթյուրում է իրականությունը․ Զախարովա

07 Նոյեմբերի 2026, 23:17

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը խեղաթյուրում է իրականությունը․ Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որում նա Ռուսաստանին մեղադրել է 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան հակամարտության սուր փուլի ընթացքում անգործության մեջ։

«Ես բառացիորեն ընկնում էի ռուսների ոտքերը և ասում․ «Մենք ձեր եղբայրներն ենք, ձեր դաշնակիցները, կանգնեցրեք այս պատերազմը։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանը որևէ գործուն քայլ չէր ձեռնարկում, մինչդեռ մեր տղաները զոհվում էին Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանելով ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքերը, Մարիա Զախարովան նշել է, որ Ալեն Սիմոնյանը Մոսկվա ժամանելուց առաջ որոշել է հայտարարել, թե ռուսական կողմն, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը Ղարաբաղյան հակամարտության սուր փուլի ընթացքում։

«Չգիտենք, թե այն ժամանակ ում ոտքերն էր նա ընկնում, գուցե մինչ օրս էլ շարունակում է նույնն անել։ Բայց հենց Ռուսաստանը, և ուրիշ ոչ ոք, կանգնեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին։

«Սրանք ոչ թե վերացական քայլեր էին, այլ կոնկրետ գործուն միջոցառումներ, որոնց նախորդել էին բազմաթիվ շփումներ ամենաբարձր մակարդակով։ Արդյունքում տարածաշրջանում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։