Իրանը թույլ չի տա Հայաստանի տարածքում միջանցքի տրամաբանության ձևավորում․ Տիգրան Հարությունյան
11 Նոյեմբերի 2026, 23:00
Իրանի համար թուրքական աշխարհի միավորումը մեծ վտանգ է ներկայացնում, և Թեհրանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Հայաստանի տարածքում միջանցքի տրամաբանություն ձևավորվի։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է միջազգայնագետ Տիգրան Հարությունյանը։
Անդրադառնալով տարածաշրջանում այսպես կոչված թուրքական աշխարհի հնարավոր միավորմանը՝ Հարությունյանն ընդգծել է, որ Իրանը դա դիտարկում է որպես լուրջ սպառնալիք և այդ հարցում որդեգրել է հստակ քաղաքականություն։
Խոսելով «TRIPP» նախագծի մասին՝ միջազգայնագետը հավելել է, որ Իրանի վերջին գործողությունները ցույց են տվել՝ Թեհրանը պատրաստ է հարվածներ հասցնել ոչ միայն անմիջական հակառակորդներին, այլև այն հարևան երկրներին, որոնց տարածքում առկա է ամերիկյան ռազմական կամ հետախուզական ներկայություն։
«Իրանի հետ տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թեհրանը չի հապաղում հարվածել նաև տարածաշրջանի այն երկրներին, որտեղ ամերիկյան ներկայություն կա։«TRIPP»-ի զարգացման գործակալությունն ինքնին ենթադրում է ամերիկյան ներկայություն։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը կարող է ցանկություն ունենալ Իրանի անմիջական հարևանությամբ զարգացնելու նաև հետախուզական ցանց։ Սա անվտանգության լուրջ ռիսկեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար»,- նշել է Տիգրան Հարությունյանը։