Փաշինյանը հայտարարում է ԵՄ-ի մասին, բայց իրականում տանում է դեպի Թուրքիա. Տիգրան Քոչարյան
13 Նոյեմբերի 2026, 23:15
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը տանում է դեպի Եվրամիություն, մինչդեռ իրականում երկիրն ուղղորդում է դեպի Թուրքիա։ Այժմ, սակայն, ինքն էլ չի կողմնորոշվում՝ ինչ անել, քանի որ ստիպված է ընտրություն կատարել, թե ում շահերին է ծառայելու։ Այս մասին Alpha News-ի եթերում հայտարարել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումներին, ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին և երկրի արտաքին քաղաքական կուրսին։
Նրա խոսքով՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններն, ըստ էության, սառեցվել են, որը կողմերից ոչ մեկը չի ցանկանում վերածել վերջնական խզման։
«Կողմերից ոչ մեկը չի ցանկանում մյուսին հաղթաթուղթ տալ և հետո հարց բարձրացնել, թե ով է կրելու հնարավոր հետևանքների պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու կլիներ, որ Ռուսաստանն ինքը փակեր Հայաստանի առջև դուռը, որպեսզի հետագայում հանրությանն ասեր՝ տեսե՛ք, թե ռուսներն ինչ փորձանք բերեցին մեր գլխին, նրանց պատճառով է գազը թանկանում, նրանց պատճառով են թուրքերը լցվում Հայաստան։ Սակայն Ռուսաստանը Փաշինյանին նման հաղթաթուղթ երբեք չի տա»,- ընդգծել է նա։
Խոսելով արտաքին քաղաքական կողմնորոշման մասին՝ Տիգրան Քոչարյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած եվրոպական ուղղության քողի ներքո իրականում նկատվում է Թուրքիայի հետ հարաբերությունների խորացման միտում։
«Փաշինյանը բոլորին ասում է, թե Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, բայց իրականում տանում է դեպի Թուրքիա։ Այստեղ, սակայն, կա մի խնդիր՝ թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա հակասությունները։ Ադրբեջանը կտրուկ մերձենում է Իսրայելին, ինչը դժգոհություն է առաջացնում Թուրքիայում։ Որքան էլ խոսեն հաշտության մասին, այդ ճեղքվածքն արդեն կա և գնալով խորանում է»,- նշել է Տիգրան Քոչարյանը։
Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում Փաշինյանը կանգնած է բարդ ընտրության առջև, քանի որ Անկարա-Բաքու հարաբերությունների հետագա զարգացումները կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։
«Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ որոշի՝ ընտրո՞ւմ է թուրքական ուղին, թե՞ ոչ։ Եթե Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրներ առաջանան, նա ո՞ւմ կողմն է բռնելու։ Նա սովոր է ծառայել երկու կողմերի տերերին, իսկ հիմա ստիպված է կողմնորոշվել, թե որ մեկի շահերն է սպասարկելու։ Նրան, իհարկե, չես նախանձի, բայց սա իր իսկ մեղքն է. հենց ինքն է երկիրը հասցրել այս վիճակին»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։