2022-ի սեպտեմբերին Երևանը մերժել է սահմանին ռուսական ուժեր տեղակայելու առաջարկը․ Քերոբյան
13 Նոյեմբերի 2026, 23:45
ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանին լուրջ հնարավորություններ էր ընձեռում, այդ թվում՝ ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ոլորտներում։ Այս մասին Alpha News-ի եթերում հայտարարել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի ունեցած հնարավորություններին և կազմակերպության հետ հարաբերությունների վատթարացման պատճառներին։
Նրա խոսքով՝ անդամ պետությունների միջև փոխգործակցությունը հնարավորություն էր տալիս օգտվել գործընկերների ենթակառուցվածքներից, ինչպես նաև ռազմական տեխնիկա ձեռք բերել և իրացնել առավել բարենպաստ պայմաններով։
«Հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները՝ ռազմտեխնիկա հնարավոր էր ձեռք բերել ներքին գներով։ Նույն կերպ հնարավոր էր նաև վաճառք իրականացնել՝ ԵԱՏՄ շրջանակում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի սկզբունքով»,- Ավետիք նշել է Քերոբյանը։
Անդրադառնալով հարաբերությունների սրման պատճառներին՝ նա առանձնացրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ հարձակումը։ Քերոբյանի դիտարկմամբ՝ այդ օրերին հակառակորդը հարձակվել էր Գեղարքունիքից մինչև Սյունիքի հարավային հատվածն ընկած ուղղություններով՝ գրավելով դիրքեր և պատճառելով մարդկային ու տարածքային կորուստներ։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարությունը, չհայտարարելով ռազմական դրություն և իրավականորեն չարձանագրելով զինված հարձակման փաստը, միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ից միջամտություն էր պահանջում։
«Խոսքը միայն ռազմական միջամտության մասին չէր։ Ինձ հայտնի է, որ առաջարկ է եղել ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները տեղակայել անմիջապես շփման գծի երկայնքով՝ ադրբեջանական առաջխաղացումը կանխելու համար, օրինակ՝ Ներքին Հանդի ուղղությամբ։ Սակայն հայկական կողմը հրաժարվել է այդ առաջարկից՝ պահանջելով միայն քաղաքական հայտարարություն»,- ընդգծել է Ավետիք Քերոբյանը։