Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
16 Նոյեմբերի 2026, 18:55
Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ին որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին մեկ ամսով կալանավորելու վերաբերյալ։
Պաշտպանության կողմը բողոքի շրջանակում վիճարկել է ինչպես հիմնավոր կասկածի, այնպես էլ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Պաշտպան Արմեն Ֆերոյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի գործողություններում որևէ հանցավոր դրսևորում չկա, իսկ 64 մլրդ դրամի վնաս պատճառելու մասին պնդումներով մարդկանց մանիպուլացնելու փորձերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև եթե ծայրահեղ դեպքում նման վնաս նույնիսկ լիներ, միակ տուժողը կլիներ հենց Սամվել Կարապետյանը և ուրիշ ոչ ոք։
«Հենց դրանից էլ ակնհայտ է, որ այս ամենը կրում է ծայրահեղ ապօրինի բնույթ»,– նշել է նա։
Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, դատարանը հաստատված է համարել միայն վարույթին խոչընդոտելու հավանականությունը, ինչը պաշտպանական կողմը ևս վիճարկում է։ Բացի այդ, Ֆերոյանն ընդգծել է, որ օրենսդրությամբ նախատեսված չէ որևէ կարգավորում, որով տնային կալանքի տակ գտնվող անձին հնարավոր լինի ձերբակալել այնպես, կարծես նա ազատության մեջ է, ապա կրկին կալանավորել։ Նա նաև հավելել է, որ այս ընթացքում Սամվել Կարապետյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։
Նշենք, որ նոյեմբերի 4-ի վաղ առավոտից Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում, ինչպես նաև ավելի քան 60 այլ հասցեներում խուզարկություններ էին իրականացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝
- 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը՝ 4 դրվագ),
- 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը՝ 2 դրվագ),
- 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Գործը վերաբերում է ՀԷՑ-ում տեղի ունեցած ենթադրյալ հափշտակությանը, որի հետևանքով, ըստ նախաքննական մարմնի հաղորդագրության, ընկերությանը պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս։ Վարույթի շրջանակում 9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչը նոյեմբերի 5-ին բավարարվել էր։