Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ վստահության պաշարը վաղուց սպառվել է․Անդրեյ Պերլա

16 Նոյեմբերի 2026, 21:40

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապագայում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարությանը, ինչպես նաև նրա առաջիկա այցերին Ռուսաստան և Մոսկվայի հետ հարաբերություններում «բարեկամական մթնոլորտը» պահպանելու ակնկալիքին։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի գործողություններում որևէ անսպասելի բան չկա․ Հայաստանի վարչապետը շարունակում է վարել բազմավեկտոր քաղաքականություն, որին հավատարիմ է մնացել իր կառավարման գրեթե ողջ ընթացքում։

«Փաշինյանը փորձում է շարունակել նույն բազմավեկտոր քաղաքականությունը, որը վարել է Հայաստանի ղեկին գտնվելու գրեթե ողջ ժամանակահատվածում։ Նա շարունակում է ձևացնել, թե հնարավոր է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել՝ միաժամանակ հռչակելով ԵՄ-ին անդամակցելու ուղեգիծը։ Ռուսական կողմից հնչող բոլոր հայտարարությունները, թե հնարավոր չէ միաժամանակ երկու աթոռի վրա նստել, և որ ԵՄ-ին անդամակցելու ուղեգիծը հակասում է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին, նա մերժում է։

Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները կրճատվում են, մինչդեռ Եվրամիության հետ հարաբերություններն, ըստ էության, որևէ նոր տնտեսական կապ չեն ապահովում», — նշել է Պերլան։

Մեկնաբանելով եվրաինտեգրման հեռանկարներն ու Մոսկվայի հետ երկխոսության հետագա ընթացքը՝ նա նշել է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ խոստումները դեռևս չեն նշանակում անդամակցության իրական հեռանկարների առկայություն։

«Երբ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու է առաջիկա 20 տարիների ընթացքում, դա, ըստ էության, հավասարազոր է հայտարարության, որ Հայաստանը երբեք չի անդամակցի Եվրամիությանը։ Ժամանակակից աշխարհում ոչ ոք չի կարող 20 տարվա կտրվածքով որևէ բան հստակ ծրագրել։

Ռուսաստանի հետ կապերն իրական են, դրանք անհրաժեշտ են, և ակնհայտ է, որ այդ կապերը պահպանելու փորձերի շրջանակում Փաշինյանը պատրաստ է Ռուսաստան այցելել ոչ թե մեկ, երկու կամ երեք, այլ անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ 33 անգամ։ Սակայն վստահության պաշարը վաղուց սպառվել է, և Փաշինյանի ղեկավարած Հայաստանի նկատմամբ այդ վստահությունը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, եթե Փաշինյանը հեռանա Հայաստանի ղեկավարի պաշտոնից», — ընդգծել է Պերլան։