Ազգային ժողովը վերածել եք «թաղի բեսեդկայի»․ Մամիկոն Ասլանյանը՝ ՔՊ-ականներին
17 Նոյեմբերի 2026, 19:30
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանն Ազգային ժողովի նիստի ընթացքում քննադատել է խորհրդարանում տիրող մթնոլորտը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։
«Երբ երկար ընդմիջումից հետո կրկին եկանք խորհրդարան, հասկացա, որ հերթական անգամ մեր նիստը վերածում եք թաղի «բեսեդկայի»,- հայտարարել է Մամիկոն Ասլանյանը։
Պատգամավորի գնահատմամբ՝ ՀՀ գլխավոր քաղաքական ամբիոնում տիրող իրավիճակն ու հնչող արտահայտությունները հարիր չեն օրենսդիր մարմնին և չեն համապատասխանում իշխանության կողմից հռչակված օրակարգերին։
Ասլանյանը նաև կոչ է արել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին կարգի հրավիրել իշխանական խմբակցության պատգամավորներին՝ շեշտելով, որ խորհրդարանականների առաքելությունը պետական ու հանրային խնդիրների լուծումն է։
«Քաղաքացիները մեզ այստեղ «մասխարայի» համար չեն ուղարկել․ մեզ ուղարկել են քաղաքական և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման համար»,- եզրափակել է Մամիկոն Ասլանյանը։