Դասական երաժշտությունից մինչև հեղինակային հիթեր․ Գագիկ Եզակյանի ստեղծագործական ուղին

18 Նոյեմբերի 2026, 22:00

Հայեր

1985 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ծնվել է էստրադային երգիչ Գագիկ Եզակյանը, որի ստեղծագործական ուղին միավորել է հայկական երաժշտական հարուստ ավանդույթները, ակադեմիական կրթությունն ու ժամանակակից բեմը։

Տղայի երաժշտական ընդունակություններն առաջինը նկատել են տատն ու պապը։ Արդեն յոթ տարեկանից նա սկսել է զբաղվել վոկալով՝ Երևանի մանկական ժողովրդական երգի համույթներից մեկում։ Մեծ բեմում առաջին լուրջ քայլերն արել է 12 տարեկանում՝ հասնելով «Դո Ռե Մի» մանկական հեռուստամրցույթի եզրափակիչ։

Նրա մասնագիտական վաղ շրջանի կայացման գործում կարևոր դեր է ունեցել հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը, որը դարձել է Գագիկի առաջին վոկալի ուսուցիչը։ Ապագա երգչին անգնահատելի աջակցություն է ցուցաբերել նաև մայրը՝ մշտապես ուղեկցելով նրան փորձերի ու մրցույթների, կիսելով նրա հուզմունքն ու հաղթանակների բերկրանքը։

1999 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան։ 2000 թվականին Գագիկն ընդունվել է արվեստի քոլեջի ակադեմիական վոկալի բաժին, որտեղ հանդիպել է իր գլխավոր մանկավարժին՝ Գալինա Սորոկինային։ Հաղթահարելով լեզվական դժվարությունները՝ նա հաջողությամբ շարունակել է ուսումը կոնսերվատորիայում՝ ստանալով պրոֆեսիոնալ երգչի և մանկավարժի որակավորում։

2012 թվականից արտիստը Մոսկվայում զարգացրել է իր մենակատարային գործունեությունը՝ ակտիվորեն համագործակցելով հայտնի հեղինակների և կոմպոզիտորների հետ։ Նրա ստեղծագործական ուղու նշանակալի իրադարձություններից մեկը 2017 թվականն էր, երբ վրացի երգիչ Աչի Փուրցելաձեի հետ ձայնագրել է «Հավերժական վեճ», («Հայն ու վրացին») երգը։ Այն մեծ ժողովրդականություն է ձեռք բերել՝ դառնալով երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ։

2018 թվականին Գագիկ Եզակյանին շնորհվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի մենակատարի պաշտոնական կարգավիճակ։

Այսօր նրա հեղինակային երգացանկն ընդգրկում է ավելի քան հարյուր ստեղծագործություն։ Դրանց թվում են սիրված «Amore Mio», «Դու և ես», «Սիրելիս» և «Դու իմ դրախտն ես» երգերը։

Համառուսաստանյան և միջազգային վոկալ մրցույթների բազմակի դափնեկիր արտիստը հաջողությամբ համատեղում է հագեցած համերգային ու հյուրախաղային գործունեությունը ընտանեկան ջերմ կյանքի հետ։ Կնոջ՝ Եկատերինայի հետ նա մեծացնում է երեք երեխաների, որոնք նույնպես հետաքրքրված են երաժշտությամբ։

Հիմա եթերում