Ամերիկայի հայկական թանգարանը 55-ամյակի առթիվ հիմնանորոգում է շենքի ճակատային հատվածը

19 Նոյեմբերի 2026, 09:45

Մշակույթ

ԱՄՆ-ի հայկական սփյուռքի խոշորագույն թանգարանը՝ Ամերիկայի հայկական թանգարանը (Armenian Museum of America), սկսել է Ուոթերթաունում (Մասաչուսեթս նահանգ) գտնվող իր պատմական շենքի արտաքին տեսքի լայնածավալ վերանորոգումը։ Նախագծի նպատակն է շենքն ավելի գրավիչ և հասանելի դարձնել այցելուների համար՝ միաժամանակ պահպանելով բրուտալիզմի ճարտարապետական ոճի առանձնահատկությունները։ Այս մասին հայտնում է Dialogorg.ru-ն։

Թանգարանը շենքի արտաքին հատվածի վերանորոգման աշխատանքները սկսվել են այս աշնանը։ Աշխատանքների առաջին փուլի պայմանագրերը ստորագրվել են հոկտեմբերին, իսկ ճակատի և ցուցանակների նորացումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի վերջը։ Վերանորոգման ընթացքում թանգարանի ցուցասրահները շարունակելու են ընդունել այցելուներին։

Նախագիծն իրականացվում է Քեմբրիջում գործող հայտնի SMMA (Symmes Maini & McKee Associates) ճարտարապետական և դիզայներական ընկերության հետ համագործակցությամբ։ Նախաձեռնության անվճար խորհրդատուն SMMA-ի նախկին ղեկավար, թանգարանի ցմահ անդամ Արա Կրաֆյանն է։

Թանգարանի նախագահ Միշել Մ. Քոլիգյանի խոսքով՝ ճարտարապետների հիմնական խնդիրն է պահպանել շենքի պատմական տեսքը և բրուտալիզմի ոճը, որը թանգարանային հավաքածուի յուրօրինակ մասն է, միաժամանակ այն ավելի գրավիչ դարձնել Մեյն սթրիթի այցելուների և զբոսաշրջիկների համար։ Նշենք, որ փողոցը Մասաչուսեթս նահանգի պաշտոնական մշակութային շրջաններից է։

Ամերիկայի հայկական թանգարանը հիմնադրվել է 1971 թվականին՝ Մեծ Բոստոնի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների և նախաձեռնողների կողմից։ Սկզբում այն կոչվել է Ամերիկայի հայկական գրադարան և թանգարան (ALMA)։ Հիմնադիրների նպատակն էր փրկել և պահպանել Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ներգաղթյալների՝ Ամերիկա բերած ընտանեկան մասունքները, ձեռագրերը, գրքերը և կենցաղային իրերը։

Հիմնադրումից 17 տարի անց՝ 1988 թվականին, թանգարանը ձեռք է բերել մշտական շենք Ուոթերթաունի հրապարակում։ Սթիվեն Փափքենի և Մարի Գրեյվս Մուգարի անվան շենքը կառուցվել է 1971 թվականին՝ հայտնի Ben Thompson Associates ճարտարապետական ընկերության նախագծով։ Ձուլված բետոնից կառուցված շենքն այսօր համարվում է բրուտալիզմի ճարտարապետական ոճի ուշագրավ նմուշներից մեկը։