Երեք առաջնորդների հանդիպման կարևորությունը փոխըմբռնման հասնելու ձգտումն է․ Անդրեյ Կոշկին

19 Նոյեմբերի 2026, 18:15

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ Անդրեյ Կոշկինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Շենժենում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հանդիպման նշանակությանը։

«Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարևոր է առաջին հերթին նրանով, որ արտահայտում է մարդկանց և միջազգային հանրության ցանկությունը՝ տեսնելու կայունության հաստատման նախանշաններ, ինչպես նաև առաջնորդների պատրաստակամությունը՝ խնդիրները լուծելու դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե ռազմական ճնշման միջոցով։

Սա հատկապես կարևոր է մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում ամենուր բռնություն և սպառնալիքներ են։ Բնականաբար, այսքան լարված ու մտահոգիչ մթնոլորտում բոլորը կցանկանային տեսնել խաղաղության և ստեղծագործ աշխատանքի միջոցով կյանքի կոչվող նոր նախաձեռնությունների առաջին նշանները։ Հենց դա էլ կարող է վստահություն ներշնչել վաղվա օրվա նկատմամբ։

Դա հույս է տալիս, որ 21-րդ դարը կլինի ոչ միայն արհեստական բանականության և տեխնոլոգիաների, այլև մարդկային բարության հաղթանակի դարաշրջան։ Մարդիկ հենց դա են ցանկանում տեսնել։ Կկարողանա՞ն արդյոք մեր առաջնորդներն իրականություն դարձնել այդ սպասումները։ Վստահ եմ, որ լրատվամիջոցները միջազգային հանրությանը կփոխանցեն հենց այն դիրքորոշումը, որին սպասում է մարդկությունը»,- նշել է քաղաքագետը։

Կոշկինի խոսքով՝ հանդիպման կարեւորությունը հատկապես արժեքավոր է նրանով, որ կողմերը տրամադրված են կառուցողական երկխոսության, այլ ոչ թե փոխադարձ առճակատման։

«Հանդիպման կարևորությունն այն է, որ աշխարհի ամենաազդեցիկ տերությունների առաջնորդները փորձում են ընդհանուր հայտարարի գալ, այլ ոչ թե մեղադրել միմյանց կամ առաջադրել պահանջներ, որոնց կատարումը պարտադիր պետք է լինի։ Խոսքն այս դեպքում ստեղծարար գործունեության և համատեղ կառուցման մասին է։ Հենց այդպիսի մոտեցումն է մեզ ավելի լավը դարձնում և ապագայի նկատմամբ լավատեսություն ներշնչում»,- ընդգծել է Անդրեյ Կոշկինը։

Հիմա եթերում