Ադրբեջանի հետ սահմանին հակամարտության սրումը արևմտյան երկրների ձախողումն է․ Ասլան Ռուբաև
02 Սեպտեմբերի 2023, 15:45
Ռուս քաղաքագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրումը:
Փորձագետը հակամարտության սրումը կապում է արևմտյան երկրների ձախողման հետ, որոնք փորձում էին կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը:
«Ինչպես հայտնի է, այնտեղ, որտեղ մտնում է Արևմուտքը հակամարտության դեէսկալացիայի նախաձեռնություններով, հակամարտությունը, ընդհակառակը, ավելի կոշտ ձև է ստանում։ Ցավոք, այդ հակամարտության սառեցման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ի փաստարկներն ու փոխզիջումային որոշումները չեն լսվել, այլ նույնիսկ անտեսվել են։ Մոսկվայում եռակողմ ձևաչափով պայմանավորվել Բաքուն և Երևանը չէին ցանկանում», — ասել է փորձագետը։
Քաղաքագետի կարծիքով՝ պետք էր ամեն կերպ սառեցնել այդ հակամարտությունը։
«Անհրաժեշտ էր գտնել առավելագույն թվով շփման եզրեր և միջնորդ դատավորի նշանակել, իհարկե, Մոսկվային։ Բաքվին խորհուրդ էին տալիս, ինձ թվում է՝ Իսրայելն ու Թուրքիան, իսկ Հայաստանը փորձում էր աջակցություն գտնել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Արդյոք այդ երկրներն անկեղծորեն շահագրգռված էին հակամարտության դեէսկալացիայով՝ դժվար թե։ ԱՄՆ-ում վաղուց գոյություն ունի Ռուսաստանի սահմանի երկայնքով լարվածության գոտի ստեղծելու գաղափարը, իսկ Ֆրանսիան արդեն վաղուց գործում է` ի շահ ԱՄՆ-ի: Այդ պատճառով, ցավոք, Հայաստանն այս հակամարտությունում միայնակ է մնացել խոշոր ուժի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ», — նշել է Ռուբաեւը։
Քաղաքագետի խոսքով՝ նման սադրանքները բազմապատկվելու են և կարող են նույնիսկ ավելի մասշտաբային լինել, եթե հիմա շտապ կարգով հանդիպում չլինի Մոսկվա-Երևան-Բաքու բանակցությունների ձեւաչափով:
«Եթե հաշվի չառնվի Մոսկվայի խորհրդատվությունը, հակամարտությունից հնարավոր չէ խուսափել։ Այսօր պետք է ամեն կերպ սառեցնել հակամարտությունը։ Ցանկացած պայմանով հակամարտության սառեցումը թույլ կտա այն տեղափոխել դիվանագիտական հարթություն և բանակցություններ վարել։ Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան բարի պատերազմը: Այսօր մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման արևմտյան նախաձեռնության ձախողումը»,- եզրափակեց փորձագետը։