Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար․Իշխան Սաղաթելյան

23 Նոյեմբերի 2026, 20:39

Քաղաքականություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների շուրջ ընթացող զարգացումներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ընդգծելով, որ իշխանությունը չունի ժողովրդի մանդատն Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը ստացել է դա թույլ չտալու մանդատ։

Ըստ Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց կորցրել է փողոցի աջակցությունը և հանրային ճնշում գործադրելու հնարավորություն չունի, իսկ նրա հիմնական գործիքներն այսօր վարչական ռեսուրսն ու ուժային կառույցներն են, որոնք կիրառվում են ամբողջ ծավալով։ Պատգամավորը նշել է, որ նույնիսկ այդ պայմաններում խորհրդարանական ընդդիմությունից չստանալով անհրաժեշտ 6 ձայնը՝ Փաշինյանը քաղաքական գործարք է առաջարկում։

«Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ։ Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում։ Ուժի, պատերազմի սպառնալիքի, վախի և ահաբեկման մթնոլորտում հանրաքվե չեն անցկացնում»,- գրել է Սաղաթելյանը։

Անդրադառնալով համաձայնության չգալու դեպքում արտահերթ ընտրությունների գնալու մասին իշխանության հայտարարություններին՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ դրան հասնելու սահմանադրական ճանապարհը մեկն է՝ խորհրդարանը լուծարելու համար վարչապետը պետք է հրաժարական տա. «Ճիշտ ճանապարհի վրա ես. հրաժարական տո՛ւր»։

Հիմա եթերում