Ես իրավունք ունեմ ծանոթանալու քրգործի նյութերին և լիարժեք իրականացնելու պաշտպանությունս․ Ռոբերտ Քոչարյան

24 Նոյեմբերի 2026, 18:12

Քաղաքականություն

Ես իրավունք ունեմ ծանոթանալու քրեական գործի նյութերին, հասկանալու, թե ինչ հարցեր կարող եմ տալ, և լիարժեքորեն իրականացնելու իմ պաշտպանությունը։ Սակայն այսօր այդ հնարավորությունն, ըստ էության, սահմանափակված է։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով քրեական գործի նյութերին ծանոթանալու և պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման հնարավորությանը։

Նրա խոսքով՝ քրեական գործի ծավալուն նյութերին հասանելիությունը կարևոր է պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման համար։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ապահովել գործի էլեկտրոնային տարբերակով աշխատելու հնարավորություն։

«Քրեական գործը բավականին ծավալուն է, այն փաստաթղթերի մեծ փաթեթ է։ Ես չեմ կարող պատշաճ կերպով ծանոթանալ գործի նյութերին, եթե չունեմ դրա համար անհրաժեշտ պայմանները։ Նախկինում էլ առաջարկել եմ հնարավորություն տալ աշխատելու քրեական գործի էլեկտրոնային տարբերակով։ Դա ամենապարզ լուծումն է։

Եվ որպես պաշտպանության կողմ՝ ես պետք է ունենամ պաշտպանվելու իրական հնարավորություն։ Խոսքը միայն տեխնիկական կամ կազմակերպչական պայմանների մասին չէ։ Խոսքը մարդու՝ ինքն իրեն պաշտպանելու իրավունքի մասին է»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Հիմա եթերում