«Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակն ընդգրկվել է IFLR1000-ի 2027 թվականի վարկանիշային ցանկում

24 Նոյեմբերի 2026, 19:57

Հասարակություն

Հայաստանյան «Ջեյ-Փի» (J-P Law Firm) փաստաբանական գրասենյակն ընդգրկվել է իրավաբանական ընկերությունների գնահատման միջազգային հեղինակավոր՝ IFLR1000 վարկանիշային համակարգի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերությունների ցանկում, գրում է Dialectica.am-ը:

Այս ձեռքբերումը կարևոր քայլ է գրասենյակի զարգացման ճանապարհին և վկայում է նրա մասնագիտական գործունեության միջազգային ճանաչման ու իրավաբանական շուկայում ունեցած դիրքի մասին։

IFLR1000 վարկանիշը ձևավորվում է անկախ մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում։ Գնահատման ընթացքում հաշվի են առնվում իրավաբանական ընկերությունների կողմից իրականացված գործարքների բարդությունն ու նշանակությունը, առաջարկվող իրավական լուծումների նորարարությունը, գործարքների ազդեցությունը շուկայի վրա, ինչպես նաև հաճախորդների և մասնագիտական համայնքի կարծիքները։

2018 թվականից գործող «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակն իր գործունեությունն իրականացնում է իրավունքի տարբեր ոլորտներում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կորպորատիվ հաճախորդների իրավաբանական համապարփակ սպասարկմանը, գործարար հարաբերությունների իրավական ապահովմանը, բարդ իրավական խնդիրների լուծմանն ու հաճախորդների շահերի պաշտպանությանը։

Գրասենյակի գործունեության հիմքում ընկած է բիզնեսին ոչ միայն իրավական խորհրդատվություն տրամադրելու, այլև նրա կայուն զարգացմանը, ռազմավարական որոշումների կայացմանը և իրավական ռիսկերի կանխարգելմանն աջակցելու սկզբունքը։

Ընկերությունում միջազգային վարկանիշում ընդգրկվելը համարում են տարիների հետևողական աշխատանքի, թիմի մասնագիտական ներուժի և հաճախորդների հետ ձևավորված վստահելի հարաբերությունների արդյունք։

«Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակի համար այս ձեռքբերումը ոչ միայն միջազգային ճանաչման կարևոր վկայություն է, այլև նոր պատասխանատվություն՝ շարունակելու զարգացնել մասնագիտական կարողությունները, բարձրացնել իրավաբանական ծառայությունների որակի չափանիշները և նպաստել Հայաստանի իրավաբանական ոլորտի միջազգային ճանաչելիության ամրապնդմանը։

«Ամեն ինչ սկսվում է իրավունքից» սկզբունքով առաջնորդվող գրասենյակի համար IFLR1000 վարկանիշում ընդգրկվելը զարգացման ճանապարհի ևս մեկ կարևոր հանգրվան է։

Նշենք, որ IFLR1000-ը (International Financial Law Review 1000) իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատման միջազգային հեղինակավոր վարկանիշային համակարգերից է։ 1990 թվականից հրապարակվող վարկանիշն ընդգրկում է աշխարհի ավելի քան 120 իրավական համակարգեր և մասնագիտացած է ֆինանսական ու կորպորատիվ իրավունքի ոլորտներում գործող իրավաբանական ընկերությունների գործունեության գնահատման մեջ։

Հիմա եթերում