Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի նյութերը կորել են․ փաստաբան

25 Նոյեմբերի 2026, 11:10

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը չի կարող սկսվել, քանի որ առաջին ատյանի դատարանից Վերաքննիչ դատարան ուղարկված գործի նյութերը տեղ չեն հասել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Վերջին նորությունն այն է, որ պարոն Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են։ Առաջին ատյանի դատարանից այդ նյութերը մեկ շաբաթ առաջ դուրս են եկել, բայց Վերաքննիչ դատարանը չի ստացել»,- նշել է փաստաբանը։

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ բողոքի քննությունը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ գործի նյութերը հասնեն Վերաքննիչ դատարան և մակագրվեն կոնկրետ դատավորի։

«Հիմա փորձում ենք պարզել, թե ուր են անհետացել այդ նյութերը։ Առաջին ատյանի դատարանն ուղարկել է, բայց Վերաքննիչ դատարանը չի ստացել։ Հետևաբար, կարող ենք եզրակացնել, որ գործի նյութերը ճանապարհին ինչ-որ տեղ կորել են։ Գտնողներին խնդրում ենք փոխանցել Վերաքննիչ դատարան»,- նշել է փաստաբանը։