Հայ թավջութակահարուհի Լյանա Ուլիխանյանը հաղթել է Պաբլո Կազալսի անվան միջազգային մրցույթում

24 Նոյեմբերի 2026, 23:10

Մշակույթ

Հայ պատանի թավջութակահարուհի Լյանա Ուլիխանյանն առաջին մրցանակի է արժանացել Իսպանիայում անցկացված Պաբլո Կազալսի անվան երիտասարդ թավջութակահարների միջազգային մրցույթում՝ ստանալով 18 հազար եվրո դրամական պարգև։ Այս մասին հայտնում է հեղինակավոր The Strad երաժշտական պարբերականը։

Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է նոյեմբերի 21-ին Իսպանիայի Էլ Վենդրեղ քաղաքում։ Այս տարի մրցույթին ներկայացված 85 հայտից եզրափակիչ փուլ էր դուրս եկել վեց մասնակից։ Ժյուրիի որոշմամբ՝ երկրորդ մրցանակը (12 հազար եվրո) շնորհվել է ԱՄՆ ներկայացուցիչ Մայլս Լևինին, իսկ երրորդ մրցանակը (6 հազար եվրո)՝ Չինաստանը ներկայացնող Զիյան Չժաոյին։

2010 թվականին ծնված Լյանա Ուլիխանյանն այժմ ուսանում է Շվեյցարիայի Լանգենթալի լարային գործիքների միջազգային ակադեմիայում՝ պրոֆեսոր Դենիս Սևերինի դասարանում։ Նախկինում նա սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում՝ Արմինե Ավետիսյանի ղեկավարությամբ։

Չնայած երիտասարդ տարիքին՝ հայ երաժիշտն արդեն իսկ հարուստ կենսագրություն ունի․ նա նախկինում առաջին մրցանակների է արժանացել Կարլ Դավիդովի անվան թավջութակահարների միջազգային, Բրատիսլավայի միջազգային և Ժնևի պատանի երաժիշտների մրցույթներում։ Որպես մենակատար՝ Ուլիխանյանը հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, լատվիական Sinfonietta Rīga-ի և մի շարք այլ նվագախմբերի հետ։

Պաբլո Կազալսի անվան միջազգային մրցույթը 1984 թվականից կազմակերպում է Պաու Կազալսի հիմնադրամը՝ նպատակ ունենալով աջակցել երիտասարդ թավջութակահարների մասնագիտական կայացմանն ու առաջխաղացմանը։ 2026 թվականի մրցույթը նվիրված էր լեգենդար իսպանացի թավջութակահար, դիրիժոր և կոմպոզիտոր Պաբլո Կազալսի ծննդյան 150-ամյակին։

Հիմա եթերում