Փաշինյանի ամանորյա նվերը՝ նոր պատժամիջոցներ Ռուսաստանից
27 Նոյեմբերի 2026, 12:00
(ՀՀ և ՌԴ-ի դիրքորոշումները հիմնական հարցի վերաբերյալ շարունակում են հակասող լինել)
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ճեպազրույցը՝ դեկտեմբերի 3-ին Ռուսաստան կատարելիք այցին ընդառաջ, հստակություն մտցրեց երկրի արտաքին քաղաքականության հետագա ուղղության վերաբերյալ։ Չնայած դիվանագիտական ռևերանսների առատությանը, Մոսկվային վնասելու մտադրության բացակայության մասին հայտարարություններին և այն հավաստիացումներին, որ երկրների միջև երկխոսությունը կրում է բարեկամական և նույնիսկ եղբայրական բնույթ, Հայաստանի կառավարության ղեկավարի առանցքային ուղերձը չափազանց կոշտ էր և ծայրահեղ հակասող պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը։
Փաշինյանն ուղղակիորեն հայտարարեց, որ հնարավոր չի համարում չեղարկել Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը՝ հղում անելով այն հանգամանքին, որ այդ նախաձեռնությունը բխել է հենց քաղաքացիներից և ստացել ընտրողների մեծամասնության աջակցությունը։
Պաշտոնական Երևանի նման դիրքորոշումը նշանակում է, որ Մոսկվայի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցում կողմերը մնում են տրամագծորեն հակառակ դիրքերում։ Մինչ վարչապետը խոսում է լարվածության նվազեցման և սեփական ինքնիշխանության առաջնահերթությունը հաշվի առնելով փոխշահավետ լուծումներ փնտրելու անհրաժեշտության մասին, գործնականում եվրաինտեգրման կուրսի վերանայումից հրաժարվելն անխուսափելիորեն հանգեցնում է հակասությունների սրմանը հիմնական տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության և նրա շուրջ ստեղծված Եվրասիական տնտեսական միության հետ։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ԵՄ-ի հետ մերձեցման ուղու հետ համատեղելու փորձերը Հայաստանի համար կվերածվեն լուրջ ծախսերի, որոնք կընկնեն շարքային քաղաքացիների և տեղական բիզնեսի ուսերին։
Գործնականում պաշտոնական Երևանի դիրքորոշումը նշանակում է, որ որպես յուրօրինակ ամանորյա նվեր՝ երկիրը Մոսկվայից արդեն 2027 թվականի առաջին օրերին կարող է ստանալ սահմափակումների նոր փաթեթ և դեռ գործող արտոնությունների վերանայում։ Խոսքը միանգամայն շոշափելի տնտեսական խնդիրների մասին է՝ ներառյալ հայկական արտահանման համար առաջացող ռիսկերը, պարտքային բեռի աճը և էներգակիրների շուկայական, հետևաբար՝ զգալիորեն ավելի բարձր գներին անցնելու հեռանկարը (ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի զեկույցի համաձայն՝ գազը կարող է թանկանալ 69%-ով)։
Թանկ գազը և առևտրատնտեսական կապերի բարդացումը կդառնան երկու անհամատեղելի արտաքին քաղաքական վեկտորներ համատեղելու, մեկ արտաքին քաղաքական վեկտորը մյուսի հաշվին ֆինանսավորելու փորձերի տրամաբանական հետևանքը։ Ընդ որում, նույնիսկ երկկողմ ենթակառուցվածքների հարցերում, ինչպիսին երկաթուղու կառավարումն է, Երևանը փաստացի խոշոր ներդրումների պահանջներ է առաջ քաշում՝ փոխարենը չառաջարկելով նույնիսկ քաղաքական բարեխղճություն։ Այսինքն՝ «Ռուսական երկաթուղիները» (ՌԺԴ) պետք է ներդրումներ կատարի հայկական երկաթուղիների զարգացման գործում՝ 2008 թվականի կոնցեսիոն համաձայնագրով նախատեսվածից ավելի, սակայն փոխարենը Երևանը մտադիր չէ հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի մակարդակով ամրագրված ուղեգծից։
Ստեղծված իրավիճակը համընկնում է ներքաղաքական խորը ճգնաժամի հետ, որում հայտնվել է գործող իշխանությունը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու կամ Սահմանադրության փոփոխության հանրաքվե կազմակերպելու Փաշինյանի անկարողությանը (հաշվի առնելով վստահության բացակայությունը, որ իր հրաժարականից հետո «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները վարչապետի իրենց թեկնածուին չեն առաջադրի, ինչպես նաև «ալիևյան սահմանադրության» նախագծի քվեարկության համար անհրաժեշտ 6 ձայնն ընդդիմությունից կորզելու անկարողությունը) այժմ կգումարվեն տնտեսության մեջ առաջացող նոր, չափազանց ցավոտ խնդիրները։
Սոցիալ-տնտեսական վատթարացումն անխուսափելիորեն էլ ավելի ուժեղ հարված կհասցնի իշխող թիմի վարկանիշին՝ զրկելով նրան կայունության կամ բարեկեցության աճի մասին ցանկացած փաստարկից, որոնցով իշխանությունները սովոր էին քողարկել արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում իրենց ձախողումները։
Այսպիսով, օրացուցային նոր տարվա գալուստով Հայաստանը թևակոխում է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ներքաղաքական գործընթացների սկզբունքորեն այլ փուլ։ Իր կառավարման ութուկես տարիների ընթացքում առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը բախվել է մի իրավիճակի, երբ ի վիճակի չէ միանգամից հաղթահարել երկու հզոր պատ՝ Մոսկվայի արտաքին քաղաքական դիմադրությունը, որը պատրաստ չէ սուբսիդավորել ոչ բարեկամական քայլերը, և հասարակության ներքին պահանջն՝ անցկացնելու թափանցիկ ընտրություններ առանց վարչական ճնշման և առանց իշխանության կուսակցության մասնակցության։ Իսկ եթե սրան ավելացնենք նաև անհաղթահարելի պատը՝ ի դեմս Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որոնց հետ իշխանությունները վարում են ձգձգվող և անհաջող դիմակայություն, պատկերը դառնում է չափազանց հստակ։
Նախկին քաղաքական տեխնոլոգիաների ռեսուրսը սպառված է, իսկ արտաքին և ներքին մարտահրավերների համակցությունը երաշխավորում է, որ առաջիկա քաղաքական սեզոնը Երևանի համար կդառնա ծանր փորձությունների և արմատական փոփոխությունների ժամանակաշրջան։
Մտածե՛ք այդ մասին…»։