TRIPP-ը չպետք է Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծի․ ՌԴ ԱԳՆ
26 Նոյեմբերի 2026, 19:17
Մոսկվան սկզբունքային նշանակություն է տալիս այն հանգամանքին, որ TRIPP նախագծի՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» իրականացման ընթացքում հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը։ Հակառակ դեպքում տրանսպորտային և լոգիստիկ այս նախաձեռնությունը կարող է ձախողվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ առայժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Մասնավորապես, դեռևս հրապարակված չեն նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պարամետրերն ու ժամկետները, ենթակառուցվածքների շահագործման պայմանները, ինչպես նաև բեռնափոխադրումների հեռանկարները։
Զախարովան ընդգծել է, որ նախագծի իրականացումը չպետք է հանգեցնի Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի ձևավորմանը, իսկ տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունները պետք է հաշվի առնեն շահագրգիռ բոլոր կողմերի շահերը։