Ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ բովանդակությամբ․ Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին

28 Նոյեմբերի 2026, 14:45

Քաղաքականություն

Փաշինյանը խաղաղություն հաստատելու կեղծ քողի տակ հանրությանն է հրամցնում իր ավտորիտար կառավարումն արդեն սահմանադրական մակարդակով ամրապնդող մի տեքստ, որը հավերժացնելու է նրա միապետական իշխանությունը։ Այս մասին գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այն, որ շրջանառության մեջ դրված ՀՀ նոր Սահմանադրության նախագծում իշխանությունները բավարարելու են Ադրբեջանից և Թուրքիայից ամենօրյա ռեժիմով պահանջները՝ Անկախության հռչակագրի, պետական սիմվոլների, Ցեղասպանության ճանաչումից նահանջի վերաբերյալ, կասկածից վեր էր։ Սակայն այդ տեքստի ամբողջական բովանդակությունն ակնառու է դարձնում, որ Փաշինյանը խաղաղություն հաստատելու կեղծ քողի տակ հանրությանն է հրամցնում իր ավտորիտար կառավարումն արդեն սահմանադրական մակարդակով ամրապնդող մի տեքստ, որը պարզապես հավերժացնելու է նրա միապետական իշխանությունը։ Ալիևյան անունը իրավամբ ստացած սահմանադրությունն այդպիսին է ոչ միայն իր հակահայկականությամբ, այլև դրանով հաստատվող ադրբեջանական կառավարման մոդելով։ Այդ տեքստը որքան որ հեռու է հայկական լինելուց, նույնքան, և գուցե ավելին, հեռու է ժողովրդավարությունից։ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ։

Պարտադրանքով ընդունված նման սահմանադրության պարագայում մենք վնասում ենք ոչ միայն մեր ազգային արժանապատվությունը, այլև որպես պետություն կորցնում ենք վերականգնվելու և կայանալու որևէ հնարավորություն։ Հայաստանը կվերածվի տարածաշրջանի ամենախեղճ, վախվորած, ազգային նկարագիրը կորցրած, աղքատ և բոլորին պարտք տարածքի՝ իր վախկոտ բռնապետով։

Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ։ Նույնիսկ եթե մի հրաշքով իշխանությունները որոշեն վերականգնել Անկախության հռչակագրին հղումը, նման սահմանադրության ընդունումը բացարձակ անընդունելի է»,- նշել է Քոչարյանը։

Հիմա եթերում