Թուրքիան՝ Երևանի և Սպեփանակերտի միջև երկխոսության մասնակի՞ց
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Երբ այս տարվա մայիսին Թուրքիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ԿԸՀ-ի նախնական արդյունքները հրապարակելուց ընդամենը մի քանի ժամ անց, հաղթանակի կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին ։
Հայաստանի գործող իշխանության արտաքին քաղաքական առաջնահերթությունների ավելի լավ ցուցանիշ քան այս փաստը, դժվար է մտածել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի 5-րդ նախագահ, և մինչ օրս պաշտոնական Երևանը որևէ վերաբերմունք չի արտահայտել այս իրադարձության վերաբերյալ և չի շնորհավորել Շահրամանյանին։
Երևանի լռությունը, եթե տարակուսանք էլ առաջացրեց հայ հասարակության որոշակի հատվածի մոտ, ապա դա երկար չտևեց։ Իրավիճակն ավելի պարզ դարձավ սեպտեմբերի 10-ի երկրորդ կեսին, երբ նույն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «Ղարաբաղում ձեռնարկվող քայլերն անընդունելի են», ինչպես նաև հայտարարեց, որ այդ թեմայով, ըստ երևույթին, բանակցություններ է վարելու Նիկոլ Փաշինյանի հետ։
Արցախում ընտրություններին Թուրքիայի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր. պաշտոնական Անկարան աջակցում է Արցախում պետական ինստիտուտների (նախագահի ինստիտուտ, խորհրդարան և այլն) լուծարման ադրբեջանական պահանջներին, և միանգամայն ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները չեն կարող հավանության արժանանալ ո՛չ Անկարայի, ո՛չ էլ Բաքվի կողմից։ Հենց Անկարայի և Բաքվի անհամաձայնությունն է, որ պետք է բացատրի պաշտոնական Երևանի ներկայացուցիչների լիակատար լռությունը՝ Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ։
Փաստորեն, ունենք մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանը մի կողմից հայտարարում է, որ «պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ Բաքվի և Ստեփանակերտի միջև հաղորդակցությունն ապահովելու համար», մինչդեռ մյուս կողմից, վերջին օրերի իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ կա «միջազգային մեխանիզմ՝ Ստեփանակերտի և Երևանի միջև շփումներն ապահովելու համար», և առանց Անկարայի հավանության, քաղաքական շփումներն արդեն անհնարին են։
Եթե մի կողմ թողնենք հարցի բարոյական բաղադրիչը և վերլուծենք զուտ քաղաքական մասը, ապա պետք է ասել հետևյալը. 2018 թվականի գարնանը «հեղափոխական հարթակից» հնչեցված հիմնական կարգախոսներից մեկը «Հայաստանի ինքնիշխանության մակարդակի բարձրացման» մասին էր: Հայաստանում փորձագիտական հանրության մի մասն արդեն այդ օրերին ասում էր, որ Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց բազմաթիվ բողոքի ակցիաների հեղինակները, ռուսական դրոշն այրելու հեղինակները «ինքնիշխանության բարձրացում» ասվածի տակ հասկացել են հայ-ռուսական դաշինքի ոչնչացումը՝ Հայաստանից ռուսական կոնտինգենտի հետագա դուրսբերմամբ: Այժմ դա ակնհայտ է դառնում հայ հասարակության ճնշող մեծամասնության համար։
Ավելին, նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բողոքի ակցիաներ էին կազմակերպել Հայաստանին «ռուսական ֆորպոստ» անվանող ռուս պաշտոնյաների հայտարարություններից հետո, այսօր լռում են, երբ Ֆրանսիայի նախագահը Հայաստանն անվանում է «բուֆեր» Եվրոպայի և Ռուսաստանի միջև, իրենք լռում են նաև, երբ ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում այն, որ նրանք պայմանավորում են մեր երկրի արտաքին քաղաքականությունը դրա նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքով։ Սա «հեղափոխական 5 տարիների» հիասթափեցնող արդյունքն է…
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության՝ ագրեսիվ «արտաքսմանը տարածաշրջանից», բացի այն, որ դա օբյեկտիվորեն սպառնում է Հայաստանի անվտանգությանը, նաև վտանգ է ներկայացնում հենց Ռուսաստանի Դաշնության համար, քանի որ ռուսական Հյուսիսային Կովկաս են բերվում այն ահաբեկիչները, որոնք տեղափոխվել էին տարածաշրջան 2020 թվականի աշնանը, ինչը հաստատել էր նաեւ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն պետ Սերգեյ Նարիշկինը։
Այսօր, երբ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը համոզվել է, որ «ինչ-որ մեկը», «ինչ-որ տեղից» ստացել է անձնական անձեռնմխելիության երաշխիքներ և, հետևաբար, բացահայտորեն տանում է Մոսկվայի հետ հարաբերությունների խզմանը, Փաշինյանին և իր թիմին սկսեցին չներել իրենց «բնական վիճակը»: Բայց Ռուսաստանի Դաշնությունում իրենք իրենցով պետք է պարզեն, թե ով և ինչու է «զեկուցել վերեւ» , ինչը եւ հանգեցրեց այսօրվա ճգնաժամին…
Հ.Գ. Ի դեպ, վերջին անգամ Արցախի նորընտիր ղեկավարին պաշտոնական Երեւանը չի շնորհավորել 1992 թվականին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը չշնորհավորեց Արթուր Մկրտչյանին՝ Արցախի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ…