Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Փաշինյանի ապաքաղաքական քաղաքականությունը

12 Սեպտեմբերի 2023, 23:00

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, որտեղ նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք վերլուծություն են պահանջում, բայց, նախ և առաջ, արժե ասել, որ Փաշինյանն իր ողջ հարցազրույցի ընթացքում կոչ էր անում «չքաղաքականացնել քաղաքականությունը»:

Այսպես, Փաշինյանը կոչ արեց չքաղաքականացնել «իր կնոջ այցը Ուկրաինա», չքաղաքականացնել «Արցախում հումանիտար ճգնաժամը», ինչպես նաև, մի կողմից փորձեց «բարձրացնել Երևանի քաղաքապետի «ընդդիմադիր» թեկնածուներից մեկի «քաղաքական վարկանիշը», մյուս կողմից էլ փորձեց ընտրությունները ներկայացնել որպես «քաղաքային զավխոզի» ընտրություն՝ մի իրավիճակում, երբ «հիմնական որոշումները կայացնում է կառավարությունը», այսինքն՝ անձամբ ինքը։

Սակայն, էմոցիաները մի կողմ թողնելով, փորձենք իրավիճակը հասկանալ՝ ելնելով քաղաքական գործընթացների տրամաբանությունից։

1. Հայտարարելով, որ 2022 թվականի օգոստոսին Հայաստանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ «Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումները տեղափոխել ապագա», սակայն այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվեց ընդունել այս առաջարկը, իսկ Մոսկվան չպնդեց իրենը, ինչը մի շարք դժվարություններ առաջացրեց, Փաշինյանը ցույց տվեց, որ լիովին չի հասկանում «միջնորդ» հասկացության էությունը։

Միջնորդը չպետք է և չի կարող պարտադրել կողմերին այս կամ այն որոշումը, այս դեպքում նա միջնորդից վերածվում է «հակամարտության կողմի»։ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու» ռուսական առաջարկը «հնարավորությունների պատուհան» էր հայկական կողմի համար, որից կառչելով (հատկապես մի իրավիճակում, երբ նույնիսկ Արևմուտքը, որը հակադրվում էր Ռուսաստանի Դաշնությանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լեգիտիմ էր համարում), պաշտոնական Երևանը պետք է կառուցեր հակամարտության կարգավորման նոր հայեցակարգ։ Սակայն, Փաշինյանը գնաց «նվազագույն դիմադրության ճանապարհով» և Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։

2. Աննա Հակոբյանի այցը Կիև, մի շարք վերապահումներով, կարելի կլիներ անվանել «մարդասիրական այց», եթե Հակոբյանը օգնություն փոխանցեր միայն հայ համայնքին, եթե Ուկրաինա այցից հետո մարդասիրական օգնություն տեղափոխեր, օրինակ, Բելգորոդ և կրկին՝ հայ համայնքի ներկայացուցիչներին: Ինչպես նաև, եթե փոխանցված ապրանքները «երկակի օգտագործման» չլինեին, սմարթֆոններն ու պլանշետները կարող են օգտագործվել՝ ինչպես ուսումնական գործընթացում, այնպես էլ մարտի դաշտում, օրինակ՝ ԱԹՍ-ներ վերահսկելու համար։

3. Արցախում հումանիտար ճգնաժամը դատարկ տեղից չի առաջացել, այլ ըստ էության, քաղաքական բնույթ ունի և քաղաքական որոշման հետևանք է՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Նիկոլ Փաշինյանի անձնական որոշման հետևանք: Այս որոշմամբ Փաշինյանը «խմբագրել է» 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանի որ եթե Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ապա փոխվում է նաև Լաչինի միջանցքի կարգավիճակը, ինչը փոխում է նաև ռուս խաղաղապահների կարգավիճակը, ինչը հանգեցրեց միջանցքում ադրբեջանական անցակետի հայտնվելուն, ինչը առաջացրեց շրջափակումը, որը ստեղծեց հումանիտար ճգնաժամը: Այսինքն՝ շրջափակման, համապատասխանաբար՝ հումանիտար ճգնաժամի խնդրի լուծումը քաղաքական հարթության մեջ է։

Հարցազրույցում Փաշինյանը նաև անդրադարձել է այն թեմային, որի մասին երեկ խոսել ենք, և խոսելով Արցախում նախագահական ընտրությունների, ինչպես նաև առհասարակ արցախյան խնդրի մասին՝ Փաշինյանը բազմիցս կրկնեց, որ «Հայաստանը ձգտում է հասկանալի ու լեգիտիմ լինել միջազգային հանրության համար», իսկ ընտրությունների համատեքստում տեսնում ենք, որ «միջազգային հանրության» ներկայացուցիչներից ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ադրբեջանը և Թուրքիան դատապարտել են Արցախի նախագահական ընտրությունները և չեն ճանաչել դրանց արդյունքները։ Դրանից ելնելով՝ ավելի ակնհայտ է դառնում, թե ինչու Փաշինյանը չշնորհավորեց Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ, անգամ խուսափեց «նախագահ» բառից՝ նրան անվանելով «Արցախի առաջնորդ», ինչն էլ իր հերթին ապացուցում է այն թեզը, որը մենք առաջ քաշեցինք նախորդ օրը՝ որ կա Հայաստանի և Արցախի հարաբերությունները համակարգող «ոչ պաշտոնական միջազգային մեխանիզմ»։

Շահրամանյանին «Արցախի առաջնորդ» անվանելը Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակի հերթական իջեցումն է, որը, սկսվել է 2020 թվականի ամռանը, այսինքն՝ մինչև 44-օրյա պատերազմը և սկսվել է նրանից, որ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունից հանվեց «Արցախի Հանրապետություն» քաղաքական եզրույթը և այն փոխարինվեց «Լեռնային Ղարաբաղ» աշխարհագրական անվանումով։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա Փաշինյանը մի կողմից փորձեց ընտրություններին տալ «Երևանի զավխոզի ընտրության բնույթը», մյուս կողմից՝ առանձնացրեց ձեռնտու «ընդդիմադիր» թեկնածուի, լավ հասկանալով, որ հաշվի առնելով իր իսկ բարձր հակառեյտինգը, իր քննադատությունը այս թեկնածուի հասցեին կարող է միայն օգուտ բերել իրեն։
2017-ին էլ՝ նույն ավագանու ընտրությունների ժամանակ, ուռճացվեց Փաշինյանի գործոնը՝ ընդդիմության այլ թեկնածուների ֆոնին, ընդգծելով նրա «ցատկոտելը Երևանի կտուրներով»։

Քաղաքական դաշտի մոդելավորման այս մեթոդը «հին է՝ ինչպես աշխարհը», բայց հենց այս մեթոդն է կիրառում Փաշինյանը՝ փորձելով «ապաքաղաքականացնել» բոլոր քաղաքական գործընթացները երկրում և երկրի շուրջը։

Հիմա եթերում