ԵՄ-ի պասիվությունը՝ Ադրբեջանի համար «կանաչ լույս» . Նատալի Լուազո

20 Սեպտեմբերի 2023, 18:33

Քաղաքականություն

Մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից։ Այս մասին ասել է ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման թեմայով քննարկման ժամանակ։

Նա «լիակատար ձախողում» է անվանել հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդական ջանքերը։

«Մենք այդպես էլ երբեք ագրեսորին իր անունով չկոչեցինք․․․ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Ցանկանում է հայ ժողովրդի լիակատար հպատակեցումը և ստորացումը», — ասել է Լուազոն՝ նշելով, որ Ադրբեջանը ռազմական գերակայության է հասել Թուրքիայի և Իսրայելի օգնությամբ, մինչ ԵՄ-ն անտեսել է այդ ամենը։

Իսկ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Հայաստան տեղահանելու ջանքերը Լուազոն անվանել է ոչ այլ ինչ, եթե ոչ էթնիկ զտում։

«ԵՄ-ն անընդունակ է եղել կանխել հարձակումը, որի իրագործումը կանխատեսելի էր: Մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից․․․ Եվրոպական դիվանագիտությունը հետևողականորեն անտեսել է նախազգուշական նշանները», — նշել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ի պասիվությունն Ադրբեջանի համար «կանաչ լույս» է հանդիսացել։

Ըստ Լուազոյի՝ այս ամենով ԵՄ-ն ցույց է տալիս, որ իրենց վրա «հույս դնել չի կարելի»։

Հիմա եթերում