Ալիևը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու. Մենենդեսը և այլ սենատորներ հայերին պաշտպանելու նախագիծ են ներկայացրել
22 Սեպտեմբերի 2023, 09:10
Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ սենատոր, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, սենատորներ Բիլ Քեսսիդիի, Քրիս Վան Հոլենի, Ալեքս Պադիլայի, Շելդոն Ուայթհաուսի և Գարի Փիթերսի հետ ներկայացրել են երկկուսակցական «Ադրբեջանական ագրեսիայից հայերին աջակցելու մասին» օրինագիծը։
Նախագիծը պատասխանում է Ադրբեջանի կառավարության գործողություններին՝ մարդասիրական օգնություն տրամադրելով Լեռնային Ղարաբաղի հայերին, կանխելով անվտանգության լրացուցիչ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը և կոչ անելով լրացուցիչ պատասխանատվության ենթարկել հայերի դեմ կատարված ենթադրյալ վայրագությունների համար։ Մասնավորապես, օրինագիծը չեղյալ կհայտարարի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի հրաժարման լիազորությունը, որն արգելում է Ադրբեջանի կառավարությանը ցուցաբերվող օգնության մեծ մասը: Այն նաև թույլ կտա Հայաստանին արտաքին ռազմական ֆինանսավորում, ռազմավարություն մշակել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար և պատժամիջոցներ կսահմանի Ալիևի ռեժիմի նկատմամբ՝ հայերի դեմ նրա գործողությունների համար:
«Նախագահ Ալիևը բազմիցս ցույց է տվել, որ ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու՝ Լեռնային Ղարաբաղում հայերին վերացնելու և իր հարևաններին սպառնալու համար»,-գրել է Մենենդեսը:
«Այս հրատապ երկկուսակցական օրենսդրությունը և՛ ամրապնդում է մեր հավաքական աջակցությունը հայերին, և՛ հստակ ուղերձ է հղում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի մնա, մինչ Ալիևի ռեժիմը սովի և ռազմական գործողությունների իր դաժան արշավն է իրականացնում»,-նշել է Քեսիդին:
«Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերսկսած հարձակումներն անընդունելի են. ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է գործեն՝ վերջ դնելու շրջափակմանը, դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան հայերի դեմ և պատասխանատվության ենթարկելու պատասխանատուներին»,-նշել է Հոլենը:
«Մենք պետք է անհապաղ ընդունենք այս օրենսդրությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայերին անհապաղ աջակցություն ցուցաբերելու և ադրբեջանական վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների և տարածաշրջանում հայերի նկատմամբ ագրեսիայի չհրահրված ակտերի համար»,-ասել է Պադիլլան:
«Ամերիկան չի կարող ձեռքերը ծալած կանգնել, քանի որ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի կողմից իրականացվող դաժան բռնությունը բարձրացնում է ցեղասպանության ուրվականը Լեռնային Ղարաբաղում»,-նշել է Ուայթհաուսը: