Փաշինյանի թիմի անպատասխանատու մոտեցումը հասկանալի դժգոհություն է առաջացրել հայ հասարակության մեջ. ՌԴ ԱԳՆ

25 Սեպտեմբերի 2023, 19:00

Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանի թիմի անպատասխանատու մոտեցումը հասկանալի դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մի մասի մոտ, ինչն արտահայտվեց ժողովրդական բողոքի ակցիաներով։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարություններին։

«Այսօր մենք պաշտոնական Երևանի կողմից որևէ մեծ շահագրգռվածություն չենք տեսնում Լեռնային Ղարաբաղում հրատապ խնդիրների լուծմանն օգնելու հարցում։ Մենք խոսում ենք հրադադարի պահպանման, հումանիտար իրավիճակի բարելավման և Բաքվի և Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին։

Փաշինյանի թիմի այս անպատասխանատու մոտեցումը հասկանալի դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մի մասի մոտ, որն արտահայտվեց ժողովրդական բողոքի ցույցերով։ Իհարկե, պնդումները, թե նրանց ոգեշնչել է Ռուսաստանը, իրականությանը չեն համապատասխանում։ Հայաստանի կառավարության ղեկավարը պետք է քաջ գիտակցի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում՝ ի տարբերություն Արևմուտքի, որը բավականին հմուտ է «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու գործում, բայց տարօրինակ պատահականությամբ, նախընտրեց չնկատել ցուցարարների հետապնդման բազմաթիվ փաստերը Երևանի իշխանությունների կողմից։

Միաժամանակ, ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ կապեր է պահպանում իշխանության հետ։ Այս ֆոնին, ակնհայտորեն, իշխանությունների դրդմամբ, հայաստանյան մամուլում ծավալվել է իսկական հակառուսական վակխանալիա:

Համոզված ենք, որ Երեւանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ գիտակցաբար փորձելով քանդել Ռուսաստանի հետ Հայաստանի բազմակողմ ու դարավոր կապերը եւ երկիրը պատանդ դարձնել Արեւմուտքի աշխարհաքաղաքական խաղերին։ Մենք վստահ ենք, որ դա հասկանում է նաև Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: