Արարատ Միրզոյանը Կիպրոսի գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումները
17 Մայիսի 2023, 13:35
Ռեյկյավիկում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական օրակարգի առաջխաղացման, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:
Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Համապարփակ կարգավորման համատեքստում, ի թիվս այլ հարցերի, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտագության հարցերի հասցեագրման կարևորությունը: