ԱՄՆ կոնգրեսականները և կրոնական կազմակերպությունները դատապարտել են ԱՀ-ում էթնիկ զտումները

06 Հոկտեմբերի 2023, 19:06

Քաղաքականություն

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, ինչպես նաև իրավապաշտպան և կրոնական կազմակերպություններ Կապիտոլիումի բլրի վրա տեղի ունեցած միջոցառման ընթացքում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել են պատասխանատվության ենթարկել Բաքվին։ Միջոցառումը կազմակերպվել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի, «Ի պաշտպանություն քրիստոնյաների», «Հանուն նահատակների» կազմակերպությունների համակարգմամբ։

Միջոցառմանը ելույթի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը երկրի կառավարությանը կոչ է արել հստակ քայլեր ձեռնարկել ԼՂ հայերի էթնիկ զտման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Այժմ Ադրբեջանի հաջորդ նպատակը Հայաստանը նվաճելն է», — ասել է Շերմանը։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ևս համոզմունք է հայտնել, որ Բաքվի հաջորդ թիրախը Հայաստանն է։

«Ես բացարձակապես որևէ կասկած չունեմ, որ այստեղ նպատակը ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը քարտեզից ջնջելն է։ Դա է նպատակը։ Ցանկացած ոք, ով այլ կերպ է մտածում, իմ կարծիքով՝ ինքնախաբեությամբ է զբաղվում», — ասել է Փալոնը։

Իսկ կոնգրեսական Քրիս Սմիթը նշել է, որ Ալիևը պետք է մարդկության դեմ հանցագործությունների համար կանգնի քրեական դատարանի առջև, իսկ ԱՄՆ-ն պետք է լուրջ պատժամիջոցներ սահմանի Ալիևի և նրա շրջապատի նկատմամբ։