Եթե Իսրայելը գնա այս քայլին, դա կլինի նրա վերջին քայլը. իրանագետը՝ Իրանի և Իսրայելի հնարավոր բախման մասին
09 Հոկտեմբերի 2023, 21:30
Իրանցի լրագրող Խայալ Մուազինը Alpha News-ին մեկնաբանել է Էրդողանի՝ Իրանի տարածքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև բախման հնարավորությունը։ Իրանագետի խոսքով՝ Իսրայելը ոչ մի դեպքում չի գնա այնպիսի անմիտ քայլի, ինչպիսին բախումն է Իրանի հետ։
«Իսրայելը հիանալի հասկանում է, որ եթե ունենար այդքան հզոր ուժ և բանակ, ապա կկարողանար գլուխ հանել։ Իրանը երազում է, որ Իսրայելը գնա այս անմիտ քայլին, քանի որ դա կլինի նրա վերջին քայլը։ Այս դեպքում Իրանը, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, շուրջբոլորն անմիջապես կհարձակվեն Իսրայելի վրա, և դա կբերի Սիոնիստական ռեժիմի կործանմանը։ Չնայած, որ Նեթանյահուն գրում եւ հայտարարում է, որ հարձակվելու են, սա ընդամենը քաղաքական խաղ է իր ժողովրդի համար։ Ուստի, կարծում եմ, որ Իսրայելը նման անմիտ քայլի չի գնա, նա շահագրգռված չէ իր տարածաշրջանում երրորդ երկրներին ներգրավմամբ լայնածավալ պատերազմով»,- նշել է փորձագետը։
«Իսկ, եթե ենթադրենք, որ այն տեղի է ունենում, այն կազդի ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևան երկրների վրա, քանի որ նոր պատերազմը կներգրավի այլ ուժերի՝ ԱՄՆ հետախուզական ծառայություններին և այլոց։ Այս ամենը կարող է հանգեցնել տարածաշրջանում մեծ բախման, տարածաշրջանում կհայտնվեն ԻԼԻՊ-ականները. Այս դեպքում կտուժեն Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը»,- ասել է իրանագետը։
Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» այժմ կարող է անցնել Իրանով, այլ ոչ թե Հայաստանով, փորձագետն ասել է, որ դա հնարավոր է։
«Կարծում եմ, որ Էրդողանը դրական ազդանշան ստացավ Իրանից՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Իրանն էլ դա էր ուզում և դեմ չէր։ Իրանի հիմնական պահանջն այն է, որ պետք է կառավարի այս միջանցքը, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ լինի, և այս ամենի վերաբերյալ՝ Թեհրանը դրական պատասխան ստանա։ Կարծում եմ, որ Թուրքիան և Իրանը պայմանավորվել են, և Իրանը վճռորոշ դեր կխաղա «Զանգեզուրի միջանցքում» և կկառավարի այն։
Այն ամենը, ինչ այժմ կատարվում է Կովկասում, միջանցքի պատճառով է, քանի որ ստեղծվում է նոր աշխարհակարգ, և Թուրքիան հիանալի հասկանում է, որ նոր աշխարհակարգում կորցնում է իր ուժը և մեծ դեր չի խաղա միջանցքի հարցում։ Ուստի, Էրդողանը ստիպված կլինի համաձայնել Իրանի պահանջներին»,- եզրափակել է իրանցի լրագրող Խայալ Մուազինը։