Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտարկում ենք ցուցադրական հակառուսական ժեստ. Զախարովա

02 Նոյեմբերի 2023, 13:55

Քաղաքականություն

Մալթայում, այսպես կոչված, «Կոպենհագենյան ձևաչափով» հանդիպումը Մոսկվան դիտարկում է որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ավելի վաղ Կիև էին ժամանել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նրանք Դուբլինում շփումներ են ունեցել Ստեփանչուկի հետ, իսկ Փաշինյանը Գրանադայում շփվել է Զելենսկու հետ», — նշել Է Զախարովան։

Նրա խոսքով՝ Երևանում պետք է իրենց հաշիվ տան, քանի որ խոսքը ցուցադրական սիրախաղի մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն դիմակայում են Ռուսաստանին։

«Այստեղ այլ սահմանում չկա։ Ափսոսանք է առաջացնում, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քայքայում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն:

Ինչ վերաբերում է ՀՀ մի շարք ԶԼՄ-ներին կամ մեդիա ռեսուրսներին, որոնք վճարվում են պետական մարմինների կամ պաշտոնյաների հետ փոխկապակցված ռեսուրսների միջոցով և նրանց հակառուսական հռետորաբանությանը, ապա այստեղ խոսել պետք չէ, սա արդեն անթաքույց ռուսատյաց կոնտեքստ է մեր երկրի նկատմամբ։ Մենք հասկանում ենք, թե ով է կանգնած այդ ռեսուրսների ֆինանսավորման հետևում», — եզրափակել Է Զախարովան։