Մոսկվան պատրաստ է առաջիկայում կազմակերպել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա
02 Նոյեմբերի 2023, 15:16
Մոտ ժամանակներս Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այն ամենը, ինչ ձեռնտու է կողմերին և ընդհանրապես տարածաշրջանին, մենք ողջունում ենք։ Մենք ելնում ենք նրանից, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում է եռակողմ պայմանավորվածությունների համալիրը, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։
Այն ներառում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա և այլն։ Մոտ ժամանակներս մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը», — եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։