Վրաստանի՝ «3+3» ձևաչափը մերժելու պատճառներից մեկն էլ այդտեղից Արևմուտքի դուրս մնալն է. Ջոնի Մելիքյան
16 Նոյեմբերի 2023, 18:25
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին նախօրեին հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցել, չի մասնակցում եւ չի մասնակցելու «3+3» ձեւաչափով քննարկումներին։ «3+3» ձեւաչափը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո, դեռ այն ժամանակ Վրաստանը հայտարարել էր, որ չի ներգրավվելու այդ ֆորմատում՝ Ռուսաստանի ներկայության պատճառով:
Ինչո՞ւ է Վրաստանը նորից մերժում «3+3» ձեւաչափում համագործակցել տարածաշրջանային երկրների հետ, արդյոք դա կապ ունի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու հետ. այս հարցերի շուրջ Alpha News-ը զրուցել է վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանի հետ, որի համոզմամբ, Վրաստանը «3+3» ձեւաչափին դեմ է մի քանի պատճառով.
«Առաջին պատճառն այն է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ տարածքային խնդիր ունի, երկրորդ պատճառն այն է, որ «3+3» ձեւաչափում հանդես եկող Իրանը բարդ հարաբերություններ ունի Արեւմուտքի հետ, իսկ երրորդ պատճառը, որը գուցե ավելի գերակշռող դեր ունի, այն է, որ Արեւմուտքը դուրս է մնում այդ ֆորմատից:
Հասկանալի է, որ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են տարածաշրջանի հարցերն անջատել այլ տերություններից: Եթե խոսքը լիներ տարածաշրջանում տնտեսական համագործակցության մասին, ապա դա խնդրահահարույց չէր լինի, բայց «3+3» ձեւաչափի խնդիրը պոստկոնֆլիկտային համագործակցությունն է, իսկ այս պարագայում հայ-ադրբեջանական ու ռուս-վրացական կոնֆլիկտները լուծված չեն, ժամանակ առ ժամանակ լարվում են նաեւ Բաքու-Թեհրան հարաբերությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում էլ որեւէ նորություն չկա: Ստացվում է, որ «3+3» ֆորմատն այս ժամանակի համար չի ձեւավորվում, բացի այդ, այդ ֆորմատը ձեւավորվման փուլում է, մինչեւ հիմա ինչ եղել է՝ նախապատրաստական աշխատանքներ են եղել, դրանք որեւէ օրակարգ չունեցող քննարկումներ են եղել»:
Ջոնի Մելիքյանի խոսքով՝ դեսպանի մակարդակով «3+3» ֆորմատին Վրաստանի մասնակցությունը դրական կլիներ, բայց մյուս կողմից էլ ըստ նրա՝ դա կարող էր ներքաղաքական լարվածության պատճառ դառնալ:
«Թբիլիսին ի սկզբանե պետք է պնդեր, որ շահագրգռված, հետաքրքրված է այսպիսի ֆորմատով, որ հասկանա, թե ինչ է ձեւավորվում իր շուրջ, ինչ պրոցեսներ կան, բայց թե՛ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու ֆոնին, թե՛ երկրի ներսում հավելյալ լարվածություն չառաջացնելու համար Թբլիսին այսօր շատ զգույշ է: Միգուցե, երբ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը լինի, իսկ գալիք տարվա ընտրություններում էլ այս իշխանությունները վերընտրվեն, դրանից հետո մի քիչ համարձակ կլինեն տարածաշրջանային գործընթացների շուրջ, բայց այսօր կա այն, ինչ կա»,- հավելեց վրացագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: