Մայրս վախում էր, որ ադրբեջանցիներն ինձ կճանաչեն, խնդիր կառաջանա|Արցախյան բռնագաղթ.վկայություններ #27
17 Նոյեմբերի 2023, 22:15
«Ես ուզում եմ Արցախում մնալ, որովհետեւ ես սիրահարված եմ էս երկրին ու ձեզ բոլորիդ, որովհետեւ էստեղ է իմ տունը, որովհետեւ մենակ էստեղ իմ երազանքներն ու նպատակներն իմաստ ունեն: Մենք էսօրվա օրն ենք տվել մեր երեխաներին, որպեսզի կարողանան իրենց հարազատ երկրում սեփական երազանքով ապրել, ոչ թե գնան ուրիշի երկրում ուրիշի երազանքներին ծառայեն»:
Սա արցախցի Շողեր Սարգսյանի՝ մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթից մի հատված է։ Շողերն այն ժամանակ՝ բլոկադայի պայմաններում չէր էլ մտածի, որ մի օր ստիպված կլինի բռնագաղթել ու այդ երազանքները թողնել իր ծննդավայր Ստեփանակերտում։ 23–ամյա հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի Շողերն Արցախից բռնի տեղահանվելուց հետո հույս է փայփայում, որ մի օր վերադառնալու է հայրենիք՝ իր երազանքների հետեւից:
«Երազանքներս Արցախում են մնացել, ու մենակ էնտեղ է, որ էդ երազանքները իմաստ ունեն, իրենք ինձ սպասում են, ես հավատում եմ, որ օրը կգա ու ես կգնամ դրանց հետեւից եւ դրանք իրականություն կդառնան: Հենց մենք ազատագրենք Արցախն ու այն հայկական լինի, մեր ընտանիքը պատրաստ է վերադառնալ այնտեղ,միայն թե անվտանգ զգանք մեզ մեր հայրենիքում»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Շողերը:
Բայց մայր հայրենիքում էլ Շողերը պատրաստ է նոր երազանքների հետեւից գնալ, ժամանակի հարց է։ Շողերը բռնագաղթից հետո փորձում է Երեւանում նոր կյանք սկսել: Դեռ մշտական աշխատանք չունի, բայց հասցրել է Հայաստան տեղափոխվելուց հետո Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմի հետ հյուրախաղերով մեկնել Միացյալ Նահանգներ:
Շողերը Alpha News-ի հետ զրույցում պատմել է շրջափակման ծանր պայմանների, Ադրբեջանի՝ Արցախի դեմ հարձակման հետեւանքով հայրենիքից ստիպված դուրս գալու, գաղթի ճանապարհի ու Հայաստանում հաստատվելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: