Հրանտ Դինքի և Կարո Փայլանի միջև հսկայական տարբերություն կա․ Տիրան Լոքմագյոզյան
18 Նոյեմբերի 2023, 13:10
Թուրքիան կառուցված է ստերի վրա, բայց Հրանտ Դինքը այդ ստերի պատը քանդում էր։ Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
«Հրանտ Դինքն ասում էր, եթե Թուրքիան մտնի Եվրոպական միություն, կդառնա ժողովրդավար պետություն և բոլորը լավ կապրեն՝ նաև հայերը։ Նման կարծիք հայտնելով՝ տպավորություն էր, որ նա օգուտ էր տալիս Թուրքիային, բայց դա այդպես չէր։ Հրանտը խոսում էր Ցեղասպանության մասին, դրանից հետո փրկվածների մասին, բայց դրա համար նա շատ մեծ քննադատության էր արժանանում։ Իր հոդվածում գրել էր՝ գիտեի, որ Ցեղասպանության մասին գրել այս երկրում վտանգավոր է, բայց չգիտեի, որ ողջ մնացածների մասին գրելն էլ ավելի վտանգավոր է»,- պատմում է Լոքմագյոզյանը։
Խոսելով Հրանտ Դինքի և Կարո Փայլանի նմանությունների մասին՝ թուրքագետն ընդգծում է, որ ի տարբերություն Կարոյի՝ Հրանտն ինչ անում էր, այնպես էր անում, որ ազդեցություն էր թողնում ու մի քայլ առաջ էր գնում։
«Հայաստանում շատ կարծիքներ հնչեցին, թե Կարո Փայլանը երկրորդ Հրանտ Դինք է, մեծ գործ է անում ու Ցեղասպանության մասին խոսում, բայց դեռ այն ժամանակ ասում էի, որ պետք չէ վստահել նրան։ Հետո տեսանք, որ նա խոսեց Խոջալուի մասին՝ արտահայտելով Թուրքիայի դիրքորոշումը, ու Հայաստանում այդ ժամանակ զարմացան, թե ինչպես կարող է նա այդպես խոսել։
Ի տարբերություն Կարոյի՝ Հրանտն ինչ անում էր, այնպես էր անում, որ ազդեցություն էր թողնում ու մի քայլ առաջ էր գնում։ Թուրքիան կառուցված է ստերի վրա, բայց Դինքը այդ ստերի պատը քանդում էր։ Հրանտը ցույց տվեց, որ թուրք կոչվածի մի մասը թուրք չէ, այլ հայ։ Իսկ Կարո Փայլանը նման բաներ չի անում ու մենք նրա արածներից որևէ արդյունք չենք ստանում»,- եզրափակեց Լոքմագյոզյանը։