ԵՄ-ն ֆինանսապես չի պահի Հայաստանին, իսկ առանց Ռուսաստանի տնտեսապես դժվար կլինի դիմակայել․ Վալդեմար Գերդտ
13 Հոկտեմբերի 2026, 22:30
Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Վալդեմար Գերդտը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման վերաբերյալ հայտարարությունը՝ նշելով, որ Եվրամիության ցուցաբերած սահմանափակ աջակցությունը կարող էր Երևանին ցույց տալ դեպի ԵՄ հետագա մերձեցման տնտեսական ռիսկերը, եթե հաշվի չառնվեն Ռուսաստանի հետ առկա կապերը։
«Հայաստանին Եվրամիության ցուցաբերած չնչին օգնությունը հստակ ցույց տվեց, որ դեպի ԵՄ չմտածված առաջխաղացումը կարող է հանգեցնել տնտեսական ծանր հետևանքների։ Եվրամիությունը ֆինանսական առումով չի պատրաստվում իր ուսերին վերցնել Հայաստանի հոգսը, քանի որ ինքն էլ հազիվ է հաղթահարում միության ներսում առկա ֆինանսական խնդիրները։ Հայաստանը, որը Ռուսաստանի հետ կապված է երկարամյա պատմական և տնտեսական կապերով, չի կարող պարզապես վերցնել ու հրաժարվել դրանցից։ Կարելի է ասել, որ եկել է որոշակի սթափեցման պահը․ առանց Ռուսաստանի տնտեսապես դժվար կլինի ոտքի վրա մնալ, իսկ ԵՄ-ն լիարժեք աջակից չի դառնա»,- հայտարարել է Գերդտը։
Բունդեսթագի նախկին պատգամավորի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ կլինի քաղաքական վճռականություն, որպեսզի ընդունի առկա տնտեսական ռիսկերը և մեղմացնի իրավիճակը ՝ կարգավորելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ չհրաժարվելով եվրոպական ինտեգրումից:
«Հավանաբար, այս ամենը գիտակցելու, իրավիճակը մեղմելու և այդ կերպ մեր ամենահին հարևանի, բարեկամի ու գործընկերոջ հետ հարաբերությունները կարգավորելու համար լուրջ քաղաքական համարձակություն է անհրաժեշտ՝ առանց եվրաինտեգրումից հրաժարվելու։ Ես հույս ունեմ, որ Եվրամիությունը կարդիականանա և մի օր կվերածվի միասնական տնտեսական տարածքի՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ։ Եվ կարծում եմ, որ այդ տարածքում տեղ կգտնվի նաև Հայաստանի համար»,- հավելել է Գերդտը։