Բեռլինի հայկական համայնքը 100 տարեկան է

24 Նոյեմբերի 2023, 19:47

Հայեր

Բեռլինի հայկական համայնքը նոյեմբերի 18–ին նշել է իր հիմնադրման 100-ամյակը։ Միջոցառումը տեղի է ունեցել Բեռլինի Սուրբ Երրորդություն ավետարանական եկեղեցում (Trinitatiskirche), ուր, ի դեպ, շուրջ 40 տարի է աշխատում է պարսկահայ գեղանկարիչ Ավո Առաքելյանը։

Երեկոյին ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ Արմենուհի Թադևոսյանը, Գայանե Չոբանյանը, Նաիրա Սաֆարյանը և գնդապետ Կարեն Մուրադյանը։ Դեսպան պարոն Ենգիբարյանն աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում։ 

Հյուրերի շարքում էին նաև «Բեռլինի եկեղեցական և մշակութային համայնքի» ատենապետ տիկին Սոնա Չուգասզյան–Այպերը,  «Բեռլինի հայկական համայնքի» խորհրդի անդամները, «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» նախագահ պարոն Ջոնաթան Շպանգենբերգը, «Հայ ակադեմիականների միություն 1860»  նախագահ պարոն Ազատ Օրդուխանյանը, համայնքի հիմնադիր դր․ Ջեյմս Գրինֆիլդի ծոռը և կոռը՝ Քայ և Դեննիս Գրինֆիլդները, Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան պարոն Հանս–Յոխեն Շմիդտը, բազմաթիվ գերմանացի և այլազագի հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ։

Հոբելյանական երեկոյին երաժշտական ​​կատարումներով են հանդես եկել ջութակահար Նաիրա Արզումանյանը և դաշնակահար Զառա Ստամբոլցյանը։ Հանդիսատեսին ներկայացվել են Կոմիտասի, Էդուարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։