Երևանն այն քաղաքների թվում է, որտեղ ռուս զբոսաշրջիկները ծրագրում են անցկացնել Ամանորի գիշերը
06 Դեկտեմբերի 2023, 23:35
Երևանը հայտնվել է Ամանորին ռուսաստանցիների ճանապարհորդության հայտնի ուղղություններից մեկը։ Նման հետազոտություն է անցկացրել OneTwoTrip առցանց ծառայությունը:
«Газета.Ru»-ի փոխանցմամբ՝ ամենից հաճախ ռուս զբոսաշրջիկները, ովքեր պլանավորում են ամանորի գիշերը նշել ուղևորությունների ժամանակ, հյուրանոցներ են ընտրում իրենց հայրենի երկրում. նրանց մասնաբաժինը կազմում է 77,2%:
Ամենահանրաճանաչ քաղաքը դարձել է Մոսկվան: Ամանորի գիշերն անցկացնել մայրաքաղաքում նախատեսում է ճանապարհորդների 26,4%-ը: Ամենից հաճախ նրանք ընտրում են երեք աստղանի հյուրանոցներ։ Գրեթե նույնքան պահանջված է Սանկտ Պետերբուրգը: Այնտեղ ձևակերպվել է պատվերների 21,7%-ը։ Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սոչին (10,3%), պահանջարկ ունեն երեք աստղանի հյուրանոցները։
Բացի այդ, լավագույն հնգյակում են հայտնվել Կազանը (մասնաբաժինը ՝ 3,5%) և Նիժնի Նովգորոդը (2,5%):
Շատ ռուսաստանցիներ պլանավորում են Նոր տարին դիմավորել Ստամբուլում, որտեղ ձևակերպված է պատվերների 7,1 տոկոսը։
Գրեթե հավասար թվով ճանապարհորդներ տոնը կանցկացնեն Մինսկում (6,2%) և Դուբայում (6,0%):
Հայտնի ուղղությունների ցանկում են հայտնվել նաև Փուքեթը (2,6%) և Երևանը (2,2%): Հայաստանում ավելի հաճախ ընտրում են չորս աստղանի հյուրանոցներ մեկ գիշերվա համար 12 000 ռուբլով։